top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Օրենքների կիրառման նպատակը պետք է լինի մարդկային կյանքի փրկությունը և առողջության պահպանումը


Աշխարհում պանդեմիայի տեսքով մարդկությանը մարտահրավեր է նետված, և յուրաքանչյուր պետություն ձգտում է հնարավոր և անհրաժեշտ բոլոր միջոցները կյանքի կոչել՝ համաճարակի հետագա տարածումը սեղմ ժամկետներում կանխարգելելու և մարդկային բազմաթիվ կյանքեր փրկելու ուղղությամբ։ Արտակարգ դրության պայմաններում Սահմանադրությամբ ամրագրված մարդու առանձին հիմնարար ազատությունների և իրավունքների ժամանակավոր սահմանափակումը անխուսափելի է: Այն բխում է ինչպես հանրային շահից, այնպես էլ յուրաքանչյուրի բարձրագույն մարդկային իրավունքի՝ մարդու կյանքի և առողջության պահպանման անհրաժեշտությունից։ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ստանձնել է անհրաժեշտ միջոցառումների նախաձեռնությունը և պատասխանատու է դրանց իրավաչափ իրականացման համար՝ ապավինելով յուրաքանչյուրիս ողջախոհությանը։ Այս բարդ իրավիճակում կարևոր է բոլորիս համախմբումը, աջակցությունը պատկան մարմիններին: Կառավարությունն իր կողմից պարտավոր է դրսևորելու բացառիկ հետևողականություն, որպեսզի նախատեսվող սահմանափակումները կյանքի կոչվեն՝ չհանգեցնելով Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների անհարկի միջամտությանը։ Հանրապետության նախագահը ստորագրել է Ազգային Ժողովի կողմից ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները։ Չնայած օրենքները նախատեսում են մարդու իրավունքների զգալի սահմանափակումներ, նախագահը ստորագրել է դրանք՝ հաշվի առնելով, որ այդ սահմանափակումները Կառավարության կողմից պետք է կիրառվեն որպես բացառիկ միջոցներ և բացառապես արտակարգ դրության ժամանակահատվածում: Ուստի և օրենքների կիրառման գլխավոր նախապայմանը, և միակ նպատակը պետք է լինի մարդկային կյանքի փրկությունը և հանրային առողջության պահպանումը։ Անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքների սահմանափակումները իրավասու մարմինների կողմից պետք է կիրառվեն միմիայն վերը նշված նպատակներն ապահովելու համար և ամենայն պատասխանատվությամբ։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page