top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Քննարկվել են նորարար նախագծերը պետական ծրագրերում ընդգրկելուն առնչվող հարցեր. ԿԳՄՍՆ


ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանն ու Կարեն Թռչունյանը աշխատանքային հանդիպում են ունեցել «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի» (FAST) ներկայացուցիչների հետ: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ քննարկվել են հիմնադրամի կողմից իրականացվող կրթական նախագծերի ընդլայնմանն առնչվող հարցեր: «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի» գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը կարևորել է մասնավորապես «1991 ստորաբաժանում» ծրագիրը պետական ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու անհրաժեշտությունը` հաշվի առնելով ծրագրի մասնակիցների թվի աճը, ինչպես նաև հետագայում համանուն ստորաբաժանման մեջ ընդգրկվելու նպատակով համագործակցությունը Զինված ուժերի հետ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է քննարկել հանրակրթության ավագ աստիճանում «1991 ստորաբաժանում» ծրագրի՝ հիմնադրամի կողմից իրականացվող նախապատրաստական դասընթացները որպես արտադասարանական խմբակ ընդգրկելու հնարավորությունը: Նախարարի տեղակալը նշել է, որ ԲՏՃՄ ( բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ուղղության զարգացումը դրված է նաև հանրակրթության նոր չափորոշչի հիմքում, և այդ նպատակով նախատեսվում է ՀՀ բոլոր դպրոցներում հիմնել բնագիտական լաբորատորիաներ, որոնք կարող են նպաստել առաջարկվող ծրագրի ինտեգրմանը պետական կրթական ծրագրերում: Այս տարի հանրակրթության նոր չափորոշչի փորձարկման համատեքստում նոր լաբորատորիաներով ապահովվելու են Տավուշի մարզի դպրոցները, հետագայում՝ չափորոշչի ներդրմանը զուգահեռ, լաբորատորիաներ կլինեն բոլոր դպրոցներում: Նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ միաժամանակ բարձրագույն կրթության բարեփոխումների համատեքստում քննարկվում է տարկետման համակարգը ռազմական կրթության հետ փոխկապակցելու մոդելների մշակման հարցը: Բոլոր բարեփոխումների և նախագծերի հիմքում գերակա են բնագիտական, տեխնոլոգիական և ճարտարագիտական ուղղությունների զարգացումը կրթության և գիտության բոլոր աստիճաններում: Ամփոփելով քննարկումը` նախարարը նշել է, որ եթե կրթության և գիտության ոլորտում գործունեություն ծավալող առաջատար կազմակերպությունների նպատակները համահունչ են պետական քաղաքականության նպատակներին, ապա ջանքերի համատեղումն անհրաժեշտ է արդյունավետության բարձրացման և աշխատանքները համակարգված իրականացնելու առումով: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի» (FAST) նախաձեռնությամբ իրականացվող մյուս ծրագրերին, որոնք առնչվում են բարձր տեխնոլոգիաներին, արհեստական բանականությանը, ինչպես նաև դրանք գիտական աստիճանում իրագործելու հնարավորություններին:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page