top of page

Քաղաքացիները ավտոմեքենաներով փակել են Երևան-Սևան մայրուղին

May 4, 2022
1 min read

Քաղաքացիները ավտոմեքենաներով փակել են Երեւան-Սեւան մայրուղին՝ Չարենցավանի մոտ: Այստեղ մեծ թվով ոստիկաններ են հավաքված, որոնք պահանջեցին ակցիայի մասնակիցներին մի կողմից բացել ճանապարհը:

Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ 2018-ին այս նույն գործողությունները ոստիկանությունը համարել է իրավաչափ, հետեւաբար, այս ակցիան եւս իրավաչափ է:

Ոստիկանության ներկայացուցիչը հայտարարեց, որ քաղաքացիների գործողություններն իրավաչափ չեն, քանի որ իրենք զրկում են այլ քաղաքացիներին ազատ տեղաշարժի իրավունքից. «Եթե դուք մեր օրինական պահանջին չեք ենթարկվելու, իսկ այդ դեպքում ոստիկանությունն իրավունք ունի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը-խմբ) գործադրելու հարկադրանք, վարչկան բերման ենթարկվի»:

Ոստիկանները ուժ գործադրելով հեռացրեցին քաղաքացիներին ճանապարհից՝ քաշքշելով ու բերման ենթարկելով ակցիայի մասնակիցներից մի քանիսին:

Քաղաքացիների մեկը նշեց, որ այստեղից շարժվում են դեպի Երեւանի Ֆրանսիայի հրապարակ:

Նշենք, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Մասնավորապես, առավոտից փակվել են Կիեւյան կամուրջը, Հաղթանակի կամուրջը, Դավիթաշենի կամուրջը: Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։ Նախօրեին ճանապարհներ են փակվել նաեւ մարզերում, մասնավորապես, փակվել է Սեւան-Երեւան, Վանաձոր-Երեւան, Գյումրի-Երեւան, նաեւ Գորիսից Երեւան եկող ճանապարհները:

 
 
 

Comments


bottom of page