Քաղաքապետարանը գնման գործընթացների արդյունքում տնտեսել է 1 մլրդ, 255 մլն դրամ

Մշակվում է Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագծի փաթեթը: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է աշխատանքները կազմակերպել հնարավորինս արագ և արդյունավետ: Փաթեթը պատրաստ լինելուն պես կներկայացվի Կառավարություն՝ վարկային միջոցներ ներգրավելու համար:
Կենսապահովման ոլորտի ընկերությունները վթարները վերացնելուց հետո չեն շտապում վերականգնել քանդված հատվածները, տեղադրված չեն նաև հուշող ցուցատախտակներն ու նշանները: Հետիոտների և վարորդների դժգոհությանը քաղաքապետն անձամբ համաձայն է. շրջել է քաղաքում և իրավիճակն անընդունելի է համարում:
«Մենք հասկանում ենք, որ ձեր ընկերությունների գերնպատակը ձեր աշխատանքներն անելն է, և դրանում մենք ձեզ չենք խոչընդոտում: Ավելին, տվել ենք տասնյակ թույլտվություններ: Սակայն դա չի նշանակում, որ բոլոր հասցեներում միաժամանակ պետք է սկսեք և կիսատ թողնեք: Ինձ համար դա անընդունելի է: Օրեր շարունակ վերականգնված չէր Տիգրան Մեծի պողոտայի մի հատվածը: Այդպիսի մեծ և կարևորագույն փողոցում քանդված վիճակն ուղղակի անհասկանալի է: Եթե այսպես շարունակվի՝ այլևս չենք տալու որևէ թույլտվություն» ,-ընդգծել է քաղաքապետ Հայկ Մարությանը:
Աղբահանությունից բացի քաղաքապետարանը բավարար չի համարում նաև քաղաքի ընդհանուր մաքրությունը:
«Այն օրվանից, երբ «Սանիթեք» ընկերությունը ստանձնել է նաև մայրաքաղաքի մաքրության ապահովումը, ինչ-որ բա՞ն է փոխվել Երևանում: Քաղաքում ամեն ինչ նույնն է, նույնն են մարդիկ, նույնն է նաև ձեզ տրամադրվող գումարը, բայց քաղաքն այսօր լուրջ խնդիր ունի: Ի՞նչ է պատահել: Եթե անհրաժեշտություն կա և պետք է աշխատավարձ բարձրացնեք կամ նոր աշխատուժ ներգրավեք, ապա արե՛ք: Կարևորը քաղաքի մաքրությունն ապահովելն է»:
«Սանիթեք» ընկերության ներկայացուցչի խոսքով՝ քաղաքի սանմաքրման հարցում լրացուցիչ խնդիրներ են առաջացնում գերբեռնված շինարարական մեքենաները, որոնք երթևեկության ընթացքում կեղտոտում են փողոցները շինարարական նյութերով: Քաղաքապետը հանձնարարել է ՃՈ հետ համատեղ միջոցներ ձեռնարկել և տուգանել նման վարորդներին:
Քաղաքապետն ադրադարձել է նաև աղբամանների խնդրին՝ ընդգծելով, որ կենտրոնական մի շարք փողոցներում տեղադրված են այրված կամ վնասված աղբամաններ, մինչդեռ որոշ թանկարժեք առանձնատների թաղամասերում միշտ նոր աղբարկղեր են:




Comments