Փարիզում ավելի քան 110 մարդ է տուգանվել անօրինական երեկույթին մասնակցելու համար

Ավելի քան 110 մարդ է տուգանվել Փարիզի ռեստորաններից մեկում ապօրինի երեկույթին մասնակցության համար՝ կարանտինային սահմանափակումների եւ պարետային ժամի ֆոնին, միջոցառման կազմակերպիչը եւ հաստատության ղեկավարը ձերբակալվել են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն ՝ վկայակոչելով քաղաքի ոստիկանության պրեֆեկտուրան:
«Այս գիշեր ոստիկանության աշխատակիցները ժամանել էին Փարիզի 19-րդ թաղամասի ռեստորան, ուր նրանց գիշերը կանչել էին աղմուկից բողոքների պատճառով, նրանք դադարեցրել էին ավելի քան 110 հոգու մասնակցությամբ հավաքը»,- ասվում է Ֆրանսիայի մայրաքաղաքի իրավապահների կողմիցTwitter-ում արված հայտարարության մեջ: Ոստիկանությունը նշել է, որ բոլոր հյուրերը տուգանվել են «գործող առողջապահական միջոցառումների չկատարման համար»:
«Կազմակերպիչն ու ղեկավարը (հաստատությունները - խմբ.) ձերբակալվել են»,- հայտնել են ոստիկանությունից:
Իշխանությունների հրամանով՝ հոկտեմբերի վերջից կորոնավիրուսի համավարակի պատճառով Ֆրանսիայում բարերը, սրճարաններն ու ռեստորանները շարունակում են փակ մնալ: Կարանտինի սահմանափակումների խախտման եւ դիմակ չկրելու համար տուգանքը 135 եվրո է կազմում: Անդերգրաունդ երեկույթների կազմակերպիչներին կարող է մինչեւ մեկ տարվա ազատազրկում եւ 15 հազար եվրո տուգանք սպառնալ:




Comments