Փաշինյանն ինչ խոսում էր՝ Ադրբեջանի շահերից էր խոսում. Արծվիկ Մինասյան

«Այս ակցիայի նպատակն է եւս մեկ անգամ ԱԺ «Իմ քայլի» պատգամավորներին հիշեցնելն է, որ իրենք տվել են երդում, որտեղ ուխտերից մեկը Հայաստանի ինքնիշխանության եւ հայ ժողովրդի շահերի պաշտպանությունն է: Եկել է ժամանակը, որ իրենք պարտավոր են այդ երդմանը տեր լինել, իսկ դա նշանակում է դավաճանին պաշտոնանկ անել եւ բացահայտել դավաճանական ողջ ցանցը»: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը
Անդրադառնալով նախօրեին Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցին նա ասաց. «Նա ադեկվատ չէ, իրավիճակին չի էլ տիրապետռում, նրա համար ամեն ինչ խպպտտվում է սոսնձված իր աթոռի շուրջը: Անիմաստ է նրան լսելը, որեւէ ողջամիտ խոսք ընկալելը: Նա ինչ խոսել է, հակառակն է արել, ստել է խաբել է, պարտության է մատնել Հայաստանն ու Արցախը: Էդքանից հետո իրեն լսում ենք, որ ի՞նչ անենք»:
Դիտարկմանը, որ Փաշինյանը հայտարարել է, որ սահմանազատումները Սյունիքի անվտանգության համար է արել, Մինասյանն ասաց, որ դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ դավաճանություն է եղել եւ դա շարունակվում է. «Երբ ես երեկ լսում էի, ինձ թվում էր, որ Իլհամ Ալիեւն է հայերեն արտահայտվում Նիկոլի կերպարանքն ստացած:Ինչ խոսում էր՝ Ադրբեջանի շահերից էր խոսում: Նա ուզում է հայ ժողովրդին խաբել, թե իբր եթե հողերը չհանձնեինք, պատերազմ էր սկսվելու: Բա դու ինչի՞ համար ես»:




Comments