top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Փաշինյանի բոլոր ելույթներում և գրառումներում կա ատելության խոսք. Աստղիկ Ավետիսյան


Թշնամության ու ատելության գեներացումը քաղաքական և քաղաքականամերձ շրջանակների կողմից վերջին շրջանում ավելի ակնհայտ է դարձել: Պատերազմի առաջին իսկ օրից թե՛ բանակին, թե՛ պետությանը իրենց աջակցությունը ցուցաբերած և քաղաքական զսպվածություն դրսևորած բոլոր ուժերն ու կուսակցությունները սկսեցին հակաիշխանական ակցիաներ իրականացնել՝ արդեն հետպատերազմական շրջանում։

Այս մասին «Հայկական Փի Ար ասոցիացիա»-ի նախագահ Աստղիկ Ավետիսյանը զրուցել է ԼՈՒՐԵՐ.com-ի հետ:

Ավետիսյանի խոսքով, պատերազմի օրերին մենք ստեղծեցինք կարծիքի լիդերներ և առաջնորդվում ու անվերապահորեն վստահում էինք միայն նրանց։

Նիկոլ Փաշինյանը հասարակության մեծ մասի համար կարծիքի լիդեր էր, որը կարող էր փոխել բարոյահոգեբանական մթնոլորտը Հայաստանում, բայց, Աստղիկ Ավետիսյանի կարծիքով, 2.5 տարի շարունակ մենք տեսանք միայն, որ ոչինչ չի փոխվել, ինչն էլ ավելի մեծացավ հետպատերազմական շրջանում:

Այդ փուլում առաջին ատելության խոսք տարածողներից էր երկրի ղեկավարը. «․․․Եկել ա քաղաքացու վրեժի ժամանա՛կը։ Էդ հայրենիք ծախողները մտածում են, որ կարող են հայրենիքի բեռը մեր վրա թողնե՞ն, բացառված է։ Ես ՀՀ բոլոր արժանապատիվ քաղաքացիներին կոչ եմ անում պատրաստ լինել, որ մենք գնալու ենք դրանց հետեւից, էսօրվա դեբոշերների հետեւից՝ հատ-հատ, եւ իրենց շեֆերի հետեւից»․ սա վարչապետի՝ եռակողմ համաձայնագրի ստորագրման գիշերը արված ուղիղ եթերից հատված է, որն ամբողջությամբ պարունակում է ատելության խոսք և հայրենիքի նկատմամբ վերաբերմունքը էժանացվում և բերվում է այն մակարդակի, որ մարդը բավարարի իր անհատապաշտության ձգտումը։

Աստղիկ Ավետիսյանը վստահեցնում է, որ Փաշինյանի բոլոր ելույթներում և գրառումներում կա ատելության խոսք, որն էլ ավելի է սրում երկրում առկա պառակտվածությունը, իսկ պաշտոնյան, առավել քան պետք է պահպանի կոռեկտության սահմանները. «Բոլոր այն բառերը, որոնք հնչել են վարչապետի բերանից, որոնք կոռեկտ չեն և այդ պաշտոնին չեն համապատասխանում, այսօր տարածական են դարձել, և յուրաքանչյուրը դա օգտագործում է: Ես նաև ականատես եմ լինում, որ նախկինում պաշտոն զբաղեցրած գրագետ մարդիկ այսօր իր հետ խոսում են հենց այդ բառապաշարով, ինչը, կարծում եմ, որ մեզ տանելու է կործանման»։

Վարչապետի վերոնշյալ հայտարարությանը հաջորդեց նրա այն գրառումը, որտեղ ասվում էր․ «Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երևանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»: Երկրի ղեկավարը բացահայտ քաղաքացիական պատերազմ էր հրահրում, որից հետո նրա աջակիցները, հետևելով իրենց առաջնորդի «խորհրդին», հավաքվեցին Հանրապետության հրապարակում։

Ատելության խոսքն այսօր առավելապես տարածվում է սոցիալական ցանցերում՝ կեղծ և իրական օգտահաշիվներից, օնլայն հարթակներում նման բառապաշարի պակաս չկա։ Այսօր համացանցը ստեղծել է պարարտ հող ատելության խոսք տարածելու համար, որովհետև մարդկանց մեծ մասը ստացել է հանրային խոսքի հնարավորություն, ինչը երբեք այսքան հասանելի չի եղել։

«Առաջնային տեղեկատվության ընկալումը փոխվեց երկրորդականի, այսինքն՝ կարող ենք կարդալ մի բան, առաջնային ինֆորմացիան թողնել, և երկրոդականի վրա շեշտադրում անել: Սոցիալական ցանցերից այդ մեկնաբանությունները տեղափոխվեցին լրատվական կայքի հարթակներ, որոնք օրեցօր ավելանում են: Վիրավորական խոսքերը, ոչ կոռեկտ մեկնաբանությունները, անպարկեշտ և հայհոյախառն բառամթերքը դարձել են մեր առօրյա կյանքի մի մասնիկը: Սա մի կողմից հանգեցնում է հասարակության պառակտվածության, մյուս կողմից սոցիալական ցանցերում այն մարդիկ, ովքեր մեդիագրագետ չեն, ովքեր նոր են փորձում սոցիալական մեդիայի հնարավորություններից օգտվել, ապատեղեկատվությունը ահռելի չափերի են հասցնում»,- ընդգծում է Աստղիկ Ավետիսյանը:

Աստղիկ Ավետիսյանի համոզմամբ՝ նախկիններին մեղադրելը ձախողած գործընթացներում ևս ատելության խոսք է: Դրա բացառման հիմքը, նախևառաջ, պետք է դնի իշխանությունը՝ լինելով համախմբման ուժ:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page