Ցավով ու մեծ ափսոսանքով տեղեկացա մեծ բարերար ու հայ ազգի արժանավոր զավակ Ասո Թավիթյանի վախճանի մասին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
Ցավով ու մեծ ափսոսանքով տեղեկացա մեծ բարերար ու հայ ազգի արժանավոր զավակ Ասո Թավիթյանի վախճանի մասին: Ջերմորեն եմ վերհիշում անցած ամառ ԱՄՆ-ում հանդիպումը նրա հետ: Մարդ, որն իր ամբողջ մտքով և սրտով սիրում էր Հայաստանը և անշահախնդրորեն հնարավոր ամեն ինչ անում հայրենիքի կայացմանը նպաստելու համար:
Ասո Թավիթյանը կրթական ու մշակութային հավակնոտ նախաձեռնությունների միջոցով հսկայական ներդրում է ունեցել Հայաստանի և Արցախի պետականաշինության մեջ: Հեղինակավոր Թաֆթս համալսարանի Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցում կրթվելու և մասնագիտապես կատարելագործվելու հիանալի հնարավորություն էր ստեղծել հարյուրավոր ապագա առաջնորդների համար, որոնք այսօր արդեն կարևոր դիրքերում ծառայում են մեր պետությանը: Խորապես ցավակցում եմ Թավիթյանի ընտանիքին ու հարազատներին: Նրա անցած ուղին, կատարած գործերն ու կերպարը միշտ կոգեշնչեն մեզ:




Comments