top of page

ՏՏ ոլորտում լավագույն ուսանողներին կհանձնվեն ամենամյա կրթական պարգևները

Nov 16, 2021
2 min read


Երևանի Մարիոթ հյուրանոցում այսօր՝ նոյեմբերի 16-ին, տեղի կունենա «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևի» մրցանակաբաշխության 30 հաղթող ուսանողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևը հիմնվել է 2005թ․-ին՝ Սինոփսիս Արմենիա ընկերության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի հիման վրա։ Առաջնորդվելով «Բացահայտել լավագույններին, խանդավառել հաջորդներին» կարգախոսով՝ մրցանակաբաշխության հիմնական նպատակը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում լավագույններին ճանաչելն ու խրախուսելն է: Մրցանակները շնորհվում են այն ուսանողներին, ովքեր ունեն բարձր առաջադիմություն, ակտիվորեն մասնակցում են ՏՏ ոլորտի և բնական գիտությունների տարբեր օլիմպիադաների և մրցույթների, գիտական հոդվածների հեղինակներ են, ինչպես նաև ակտիվ են համայնքային ծրագրերում: «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևի» հովանավորը Սինոփսիս Արմենիա ընկերությունն է։ «Նախաձեռնելով այս մրցանակաբաշխությունը մենք նպատակ ունեինք խանդավառել երիտասարդներին ընտրելու ՏՏ ոլորտը և շարունակելու ճարտարագիտական գերազանցության ավանդույթները Հայաստանում»- ասում է Սինոփսիս ընկերության Գլխավոր գործադիր համանախագահ՝ Դր․ Չի-Ֆուն Չանը և շարունակում՝ «Կրթական պարգևը նաև շարժառիթ է Հայաստանի երիտասարդության համար խորացնելու իրենց գիտելիքներն այս բնագավառում և իրենց ներդրումն ունենալու Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացմանը»։ ««ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևը» «Հայաստան» համահայկական հիմնադրամի բազմաբնույթ և տարբեր ձևաչափերով իրականացվող ուրույն ծրագրերից է, որով Հիմնադրամը նպաստում է Հայաստանի երիտասարդության ներուժի բացահայտմանն ու ՏՏ ոլորտի զարգացմանը։ Այսօր առավել քան կարևորվում է մասնավոր, պետական և հասարակական կառույցների միջև համագործակցությունը՝ միտված երկրի տնտեսության հզորացմանն ուղղված ջանքերի միավորմանը, - ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։ Այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցել է 102 ուսանող հետևյալ ԲՈՒՀ-երից. Երևանի պետական համալսարան (ԵՊՀ), Հայաստանի ազգային պալիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ), Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ), Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան (ՀՌՀ), Եվրոպական համալսարան (ԵՀ), Հայաստանի պետական մանկավարժական համալսարան (ՀՊՄՀ) Մասնակիցները մրցել են հետևյալ անվանակարգերում՝ Գլխավոր մրցանակ «Գրան Պրի» ($1200-ին համարժեք ՀՀ դրամ) Լավագույն ասպիրանտ (I կարգ՝ $1000-ին համարժեք ՀՀ դրամ, II կարգ՝ $750-ին համարժեք ՀՀ դրամ) Լավագույն մագիստրանտ (I կարգ՝ $750-ին համարժեք ՀՀ դրամ, II կարգ՝ $-500-ին համարժեք ՀՀ դրամ) Լավագույն բակալավր (I կարգ՝ $-500-ին համարժեք ՀՀ դրամ, II կարգ՝ $400-ին համարժեք ՀՀ դրամ) Լավագույն սփյուռքահայ մասնակից (I կարգ՝ $750-ին համարժեք ՀՀ դրամ, II կարգ՝ $500-ին համարժեք ՀՀ դրամ) «Լավագույն ասպիրանտ», «Լավագույն մագիստրանտ», և «Լավագույն բակալավր» անվանակարգերում պարգևները նախատեսված են յուրաքանչյուր կրթական հաստատության համար: Ի դեպ, մի քանի տարվա ընդմիջումից հետո այս տարի ունենք «Գլխավոր մրցանակ»-ի հաղթող։ Մինչ այսօր 378 ուսանող արժանացել է «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևի»։ Ուշագրավ է, որ «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևի» հաղթղները 2008թ․-ին հիմնել են «Հաղթողների ակումբ», որի անդամներից շատերն այսօր Հայստանի բիզնեսի և գիտության առաջատարներ են, ՏՏ ոլորտի ստարտափերի հիմնադիրներ։ 2021թ.-ի «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևի» հանձնաժողովի կազմը՝ Հանձնաժողովի նախագահ` Հովիկ Մուսայելյան Հանձնաժողովի անդամներ` Արմեն Բալդրյան, Իրինա Դումանյան, Բագրատ Ենգիբարյան, Աիդա Խաչիկյան, Սամվել Կարաբեկյան, Վարուժան Մասարաջյան, Դավիթ Սահակյան, Արմեն Օրուջյան Հանձնաժողովի քարտուղար` Վազգեն Մելիքյան:

 
 
 

Comments


bottom of page