Տպավորություն կա, որ դատախազները այս գործով քննարկվող հարցերի վերաբերյալ ունեն վետոյի իրավունք

Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց, որ հնարավոր է՝ տուժող կողմը փորձում է մեծ ճնշում գործադրել դատարանի վրա:
«Դատախազությունն ասում է՝ քանի դեռ նրանք ի սկզբանե հարուցված գործով ճանաչված են եղել տուժող, իրենց դատավարական կարգավիճակը պահպանում են նաև գործից անջատված մյուս գործերով: Շատ լավ, եթե դա այդպես է, ինչո՞ւ եք 268 տուժողից ընդամենը 102 հոգու առանձնացրել և այս գործով նրանց ներգրավել որպես տուժող, իսկ այդ 102 հոգուց էլ 4-5 հոգի են գալիս նիստին: Ո՞րն է այն չափանիշը, որից ելնելով 268 տուժող ճանաչված անձանցից դուք ընտրել եք այդ 102-ին: Միգուցե դուք հիմք եք ընդունել այն չափանիշը՝ ընտրել նրանց, ովքեր որ պատրաստ են մարտի 1-ի իրադարձությունների ողջ մեղքը բարդել պարոն Քոչարյանի վրա՞»,- հարցում արեց փաստաբանը:
Նա հավելեց. «Միգուցե այս անձանց մարմնական վնասվածքները տարբերվո՞ւմ են մյուս անձանց մարմնական վնասվածքներից. նայում ենք փորձագիտական եզրակացությունները, տեսնում ենք որ՝ ոչ: Այնպիսի հստակ տպավորություն կա, որ դատախազները, մեղադրողներն այս գործով քննարկվող հարցերի վերաբերյալ ունեն վետոյի իրավունք»
Ալումյանը նշեց, որ ՄԻԵԴ-ում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ 10 գործ է գրանցվել:




Comments