Տոնոյանը Մոսկվայում մասնակցել է «Բանակ-2020» ցուցահանդեսի բացմանը

Այսօր` օգոստոսի 23-ին, Ռուսաստանի Դաշնության մերձմոսկովյան «Պատրիոտ» ավանում կայացել է միջազգային բանակային վեցերորդ խաղերի և «Բանակ-2020» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը: Լուրը Facebook սոցցանցի իր էջում հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Տոնոյանը բացման արարողությունից անմիջապես հետո զրուցել է բանակային խաղերի հայ մասնակիցների և հրամանատարների հետ, մաղթել հաջողություններ մրցույթներում»,– գրել է Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանն այսօր Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Նա ներկայացրել է հայ–ադրբեջանական սահմանին հուլիսյան մարտական գործողությունները։
Դրանից հետո Տոնոյանը մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերության միջև համաձայնագրի ստորագրման արարողությանը։




Comments