top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ՎԶԵԲ կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպմանը


ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը մայիսի 9-ից 12-ը մասնակցել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպմանը: Նիստի ընթացքում ամփոփվել են ՎԶԵԲ-ի գործունեության շրջանակներում իրականացված աշխատանքներն ու գրանցված արդյունքները, կառավարիչներին են ներկայացվել 2021-2025 թվականների ՎԶԵԲ-ի ռազմավարական եւ կապիտալ ծրագրի իրականացման մանրամասները: Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ լիագումար նիստի քննարկման առանցքային հարցերն առնչվել են ՎԶԵԲ-ի գործունեության երկրներում տնտեսական աճի խթանմանը, կլիմայի փոփոխության դեմ պայքարին եւ գործարար միջավայրի ամրապնդմանը: Մարոկկոյի Թագավորություն կատարած պաշտոնական այցի շրջանակում նախարար Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել ՎԶԵԲ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում՝ ՎԶԵԲ նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի, ՎԶԵԲ ենթակառուցվածքների, Եվրասիայի, կայուն ենթակառուցվածքների խմբի վարչության տնօրեն Եկատերինա Միրոշնիկի եւ ՎԶԵԲ տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող տնօրեն Կասպար Վելդկամպի հետ: Քննարկվել են համաշխարհային տնտեսության վերջին զարգացումները եւ առկա մարտահրավերները, անդրադարձ է կատարվել ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությանն առնչվող հարցերին: Կողմերը կարեւորել են ՎԶԵԲ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաեւ ուրվագծել հետագա համագործակցության ընդլայնման հեռանկարները: Նախարար Խաչատրյանն այցի ընթացքում հանդիպել է նաեւ «Միցուբիսի Յու-Էֆ-Ջեյ ֆինանսական խումբ» բանկի ներկայացուցիչների հետ եւ քննարկել Հայաստանի հետ բանկի համագործակցության հնարավորությունները:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page