top of page

Տիգրան Ավինյանն այսօր ԱԺ-ում մի կարևոր տվյալ ասաց. Բաբկեն Թունյան

Apr 14, 2020
1 min read

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պարետ Տիգրան Ավինյանն այսօր ԱԺ-ում մի կարևոր տվյալ ասաց։ Բայց մի քիչ ետ գնամ։ Ուրեմն կա վարակի տարածման գործակից՝ R, որը ցույց է տալիս, թե մեկ մարդը միջինում քանի հոգու է վարակում։ Եթե R-ը 2-ից մեծ է, ամեն վարակակիր իր հերթին 2-ից ավելի մարդու է վարակում, ուրեմն վարակը տարածվում է երկրաչափական պրոգրեսիայով։ Պարզ ասած, դա վատ է։ Մոտ 20 օր առաջ Հայաստանում R-ը մեծ էր 2-ից։ Արտակարգ դրություն հայտարարելուց և սահմանափակումներ մտցնելուց հետո այն սկսեց նվազել։ Ապրիլի 5-ին Ավինյանը հայտարարեց, որ R-ը նվազել է մինչև 1.4, և հույս հայտնեց, որ կհաջողվի այն նվազեցնել և իջեցնել 1-ից ցածր արժեքի։ Դա կնշանակեր, որ վարակի տարածումը կառավարելի է, և կարելի է կամաց-կամաց մտածել սահմանափակումները աստիճանաբար վերացնելու և բնականոն կյանքի վերադառնալու մասին։ Այսօր Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ R-ը նվազել է մինչև 0.8-0.9: Ըստ այդմ, տնտեսական գործունեության որոշ տեսակներ կթույլատրվեն։ Իսկ եթե R-ը հաջողվի ավելի նվազեցնել՝ հասցնել 0.5-ից էլ ներքև, ապա կարող ենք մտածել սահմանափակումները ամբողջությամբ վերացնելու մասին՝ միաժամանակ պահպանելով զգուշավորությունը և պատահական թեստեր անելով։ Ամփոփելով՝ մեր բոլորիս նպատակն է R-ը հնարավորինս արագ նվազեցնել (վարակի տարածման տեմպը թուլացնել): Իսկ դրա համար ընդամենը պետք է մնալ տանը և հետևել արտակարգ ռեժիմի կանոններին։ Թունելի վերջում լույսը երևում է, ու որքան շատ տանը մնանք, այնքան շուտ տանից դուրս կգանք»։  

 
 
 

Comments


bottom of page