Վրեժ Գաբրիելյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը մարտի 9-ին ընդունել է Հայաստանում աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի (NDRMP) տեխնիկական աջակցության առաքելություն իրականացնող թիմի ներկայացուցիչներին՝ Աղետների ռիսկերի կառավարման գլխավոր խորհրդական Ադամ Մկքալիստերին, Համաշխարհային Բանկի ներկայացուցիչ Նորա Միրզոյանին: Հանդիպմանը մասնակցում էին նաև Փրկարար ծառայության պաշտոնատար անձինք: «Ողջունելով հյուրերին՝ Վրեժ Գաբրիելյանը իր երախտագիտությունը հայտնեց տեխնիկական աջակցության առաքելության շրջանակներում սերտ համագործակցության համար, ինչպես նաև ընդգծեց, որ համագործակցության արդյունքում ակնկալվում է նաև գործնական օժանդակություն: Ներկայացվեց առաքելության հիմնական նպատակները. իրականացնել արտակարգ իրավիճակների արձագանքման ազգային կարողությունների և օպերատիվ արձագանքման հնարավորությունների գնահատում, ցուցաբերել տեխնիկական աջակցություն միջազգային խորհրդատվական ընկերությանը, որը կկատարի երկրի ողջ տարածքում հրշեջ և փրկարարական կայանների կառուցվածքային և ֆունկցիոնալ հատկանիշների վերաբերյալ նախնական տվյալների հավաքագրում, իրականացնել տեղեկատվության պահանջների և ինստիտուցիոնալ զարգացման կարիքների բացահայտմանն ուղղված գյուղատնտեսական ռիսկերի կառավարման կարողությունների արագ գնահատում և ներկայացնել առաջարկություններ ռիսկերի կառավարման հավանական ռազմավարությունների վերաբերյալ:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ քայլերի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:




Comments