Վարչապետը տիկնոջ հետ այցելել է Տավուշի սահմանապահ համայնքներ` ծանոթացել հրետակոծության հետևանքներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ: Կառավարության ղեկավարին ուղեկցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը:
Վարչապետը և տիկին Հակոբյանը նախ եղել են Չինարի համայնքում, որտեղ հանդիպել են տեղի բնակիչներին, լսել նրանց խնդիրներն ու պատասխանել տարբեր հարցերի:
Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել սահմանապահ համայնքի բնակիչներին` հուլիսյան հաղթական մարտերում մեր Զինված ուժերին ամուր թիկունք կանգնելու համար:
«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ հուլիսյան հաղթական մարտերի կապակցությամբ: Որովհետև, ճիշտ է, Զինված ուժերն են մեր հաղթանակի կերտողը, բայց նրանք եթե չիմանային, որ իրենք ամուր թիկունք ունեն, այդքան ուժեղ և դուխով չէին լինի: Նախ դրա համար շնորհակալություն:
Երկրորդն էլ, այո՛, մեր վերաբերմունքն այն է, որ այս իրավիճակներում պետությունը պետք է կարողանա իր պարտավորությունները հստակ կատարել: Մեր պետական աջակցությունն ընդհանրապես պետք է կազմակերպենք այնպես, որ մարդկանց ոչ թե զրկի որևէ բան անելու մոտիվացիայից, այլ հակառակը՝ քաջալերի: Որովհետև հիմա, այսպես ասած, «բարեգործական» տրամաբանությունը շատ հաճախ վնասակար է: Շատ կարևոր է, որ մենք կարողանանք պետության և քաղաքացու պարտավորությունների ճիշտ բալանս ձևակերպել՝ ի՞նչն է պետության պարտավորությունը, ի՞նչն է քաղաքացու պարտավորությունը: Մենք պետք է արձանագրենք մի բան, որ Հայաստանի Հանրապետությունում բոլոր խնդիրները լուծելու ձևը աշխատանքն է: Մեզնից յուրաքանչյուրը պետք է ինքը փորձի աշխատանքով իր տված պատասխանատվության շրջանակում իր հարցը լուծել: Եվ այստեղ էլ պետք է պետությունը քաղաքացուն աջակցի, քաղաքացին էլ` պետությանը: Եթե պետությունը բոլոր խնդիրների լուծումը գցում է քաղաքացու վրա, կամ քաղաքացին է բոլոր խնդիրների լուծումը գցում կառավարության վրա, դա նշանակում է, որ ոչ մի խնդիր չի լուծվում: Եվ մեր հիմնական տրամաբանությունը պետք է սա լինի, որ պետք է կառավարությունը լինի քաղաքացու կողքին, քաղաքացին էլ պետք է լինի կառավարության կողքին: Կառավարությունը իր պարտավորությունները պետք է գրանցի, ճանաչի և իրականացնի: Քաղաքացին էլ, իր հերթին, պետք է իր պարտավորությունները կատարի, գրանցի և
իրականացնի»,- նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իհարկե, առանձնահատուկ քաղաքականություն պետք է լինի սահմանապահ գյուղերի նկատմամբ: «Այսօր մենք ի՞նչ ենք արձանագրում՝ 90-ականներից առաջին անգամ Չինարի գյուղում զրոյից, հիմքից տուն է սարքվում: Ու չպետք է նայեք այնպես, որ իմը չի սարքում, ուրիշինն է սարքում: Դրա համար մեր կարգախոսն ի՞նչ է՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»»,- նշել է վարչապետը:
Խոսելով սահմանապահ գյուղերի համար ստեղծվող հնարավորությունների մասին` կառավարության ղեկավարն ասել է, որ փոփոխություն է կատարվել այստեղ աշխատող կանանց համար. վերջիններս երեխա ունենալու պարագայում ամսական կստանան 50000 դրամ՝ որպես երեխայի խնամքի վճար, իսկ չաշխատող մայրերը՝ 26000:
«Վերջին տարիներին ինձ համար Չինարի գյուղն օրինակ է եղել: Մեր խնդիրն այն է, որ անցած տարի արտահանված 600 տոննա թուզը դառնա 6000 տոննա: Հողի մեջ է ձեր հարցերի լուծումը: Մենք խնդիր ունենք, որ ձեր թզի այգիները ձեզ համար դառնան փող տպելու մեխանիզմ»,- ասել է վարչապետը:
Համայնքապետը տեղեկացրել է, որ թզի մթերման խնդիրը նույնպես լուծվել է, այն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն:
Հավելելով, վարչապետն ընդգծել է, որ հուլիսյան հաղթանակը պետք է դարձնել Չինարիի վերածննդի և ընդհանրապես սահմանապահ գյուղերի վերածննդի հարց:
«Մենք մեր խեղճությունը պետք է հաղթահարենք: Ու սա է այսօրվա ամենակարևոր իմաստը: Որովհետև հաղթած ժողովուրդը պետք է ինքն իր ներսում սկսի ապրել որպես հաղթանակած: Դա սեղանի պարունակության հետ կապ չունի, դա գրպանի պարունակության հետ կապ չունի: Դա, առաջին հերթին, հոգեվիճակն է: Այդ հոգեվիճակը որ գալիս է, մնացածը հերթով կկարգավորվի»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:






Comments