top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Վահրամ Դումանյանն ընդունել է ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին


Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի, ՀԲ Հարավային Կովկասի մարդկային զարգացման բաժնի ղեկավար Ահմետ Լեվենտ Եների և ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի հետ: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ից:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարարն առանձնակի կարևորել է Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը և Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների իրականացմանը ցուցաբերված աջակցությունը:

«Մենք հաստատակամ ենք կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման գործում և միջազգային գործընկերների, մասնավորապես ՀԲ աջակցությունը մեզ համար կարևոր է: Մենք երախտապարտ ենք ՀԲ-ին երկարատև համագործակցության, իրականացված ծրագրերի, ինչպես նաև աշխատաշուկայի և մասնագիտությունների վերլուծություն իրականացնելու նոր նախաձեռնության համար, ինչը շատ կարևոր է կրթության ոլորտի բարեփոխումների արդյունավետության համար»,- նշել է Վահրամ Դումանյանը:

Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը շնորհավորել է Հայաստանի ուսուցիչներին իրենց մասնագիտական տոնի առթիվ:

«Տեղյակ եմ, որ Դուք նախօրեին այցելել եք դպրոցներ, պարգևներ եք շնորհել մի շարք ուսուցիչների, որը նշանակում է, որ Դուք պատվում եք ուսուցչի առաքելությունը»,- փաստել է Սեբաստիան Մոլինեուսը` դիմելով նախարարին:

ՀԲ ներկայացուցիչներն ընդգծել են, որ Հայաստանի հետ հեռահար համագործակցության առաջնահերթություններից մեկը մարդկային կապիտալի զարգացումն է, որի հիմնական ուղղություններն ուղղակիորեն կապված են կրթության ոլորտի զարգացման հետ: Այս համատեքստում կարևորվել է առաջնահերթությունների սահմանումը` ըստ կարիքների գնահատման, որը կդրվի հեռահար համագործակցության ծրագրերի հիմքում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև կրթության ոլորտում ՀԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերին: Քննարկվել են դրանցից որոշների երկարաձգման, ինչպես նաև նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page