top of page

Վազգեն Սարգսյանի ավանդն անուրանալի է հայոց բանակաշինության, պետականաշինության գործում. ԵԿՄ

Mar 5, 2022
1 min read

ՀՀ Երկրապահ կամավորականների միությունն ուղերձ է հղել ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 63-րդ տարեդարձի կապակցությամբ։ «Հայաստանի Ազգային Հերոս, Արցախի հերոս, հաղթանակ կերտած Սպարապետ, ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 63 տարեկան: Շնորհավո՛ր տարեդարձդ հայ ժողովրդի հերոս զավակ: Օրհնվի Ծնունդդ՝ Վազգեն Սարգսյան: Վազգեն Սարգսյանի արած գործն ու թողած ժառանգությունը մեր պետության, պետականության համար անուրանալի է: Վազգեն Սարգսյանի ավանդն անուրանալի է հայոց բանակաշինության, պետականաշինության գործում: Վազգեն Սարգսյանն անհատ էր, որն օժտված էր առանձնահատուկ ունակություններով, նրա միտքն արագ էր, խոսքը հստակ, ծրագրերը իդեալական որոշված, գործն արդյունավետ: ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյան ՀՀ Երկրապահ կամավորականների միությունն ու վարչությունը վստահեցնում է եւ կրկին անգամ փաստում՝ մենք հավատարիմ ենք քո պատգամներին, մենք շարունակողն ենք քո կիսատ թողած գործը: Գիտակցելով մեր պատասխանատվությունը ժողովրդի եւ պետության առջեւ մենք՝ երկրապահներս, այսօր էլ ավելի համախմբված մեր պետության, մեր բանակի կողքին ենք: Այսօր մեր կողքին են նաեւ երիտասարդ ու պատանի սերնդի ներկայացուցիչներ, ովքեր եւս պատրաստ են շարունակել քո պատգամը: Սիրելի՛ հայրենակիցներ, մեր պատմության էջերում արդեն բավական շատ են ցավոտ դրվագները: Ոգեշնչվելով Վազգեն Սարգսյանի նման հերոս հայորդիների կենսագրություններով, նրանց կերտած հերոսություններով մենք պետք է հերթական անգամ փառքով հաղթահարենք մեր առջեւ ծառացած մարտահրավերները: Մենք անշուշտ կգրենք նվաճումներով, նորանոր ձեռքբերումներով հարուստ մեր նորօրյա պատմությունը: Կրկին անգամ շնորհավո՛ր լուսավոր ծնունդդ Վազգեն Սարգսյան, Փա՛ռք ՔԵԶ Սպարապետ. Փա՛ռք մեր բանակին, երկրապահին, կամավորականներին, Փա՛ռք Հայ զինվորին, Հավերժ փա՛ռք նահատակվածներին, Մեր խոնարհումը հերոսածին մայրերին, Փա՛ռք Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությանը: Խաղաղություն մեր երկրին», - նշված է ուղերձում։

 
 
 

Comments


bottom of page