top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու մասին քննիչի որոշումը ոչ իրավաչափ է. պաշտպան


Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր՝ մարտի 18-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու մասին միջնորդություն ներկայացվեց դատարան։

Սերժ Սարգսյանի պաշպան Ռուբեն Հակոբյանն ասաց, որ երբ 2019 թվականի դեկտեմբերի 4-ին Սերժ Սարգսյանը կասկածյալի իրավունքների պարզաբանմամբ վկայի հարցաքննությունից եւ առերեսումից հետո ներգավվել է որպես մեղադրյալ, վկայի հարցաքննության արձանագրության եզրափակիչ մասում պաշտպանների կողմից ներկայացվել է միջնորդություն՝ տրամադրել բոլոր այն դատավարական փաստաթղթերի պատճեները, որոնք Քրեական դատավարության տվյալ փուլում Սերժ Սարգսյանը ծանոթանալու եւ ստանալու իրավունք ունի.

«Միջնորդության լուծումն առանց որեւէ հիմնավորման հետաձգվել է։ 2019 թվականի դեկտեմբերի 9-ին քննիչին ներկայացվել է պաշտպանության իրավունքի խախտումները վերացնելու, դատավարական փաստաթղթերին ծանոթացնելու եւ դրանք պատճեները տրամադրելու մասին միջնորդություն, որի պահանջներից մեկը հանդիսացել է՝ տրամադրել բոլոր այն որոշումների պատճեները ,որոնք մեղադրյալն այդ փուլում ստանալու իրավունք ունի։ Դեկտեմբերի 13-ին եւ 20-ին ստացվել են քննիչի գրությունն ու միջնորդությունը քննություն առնելու մասին որոշում, որոնցով պաշտպանության կողմին չի տրամադրվել պահանջվող, տրամադրման ենթակա որոշումների պատճեները, որոնց թվին է դասվում գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը։ Դեկտեմբերի 18-ի երեկոյան մամուլից տեղեկացել ենք, որ քննիչի կողմից Սարգսյանի եւ Բեգլարյանի գույքի վրա կալանք է դրվել։ Դրանից մեկ օր անց պաշտպանը միջնորդություն է ներկայացրել նախանքննական մարմին՝ տրամադրել Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու մասին որոշման օրինակը եւ ծանոթացնել հավաքված այն ապացույցներին, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ Սարգսյանը կարող է թաքցնել, թչացնել կամ սպառել բռնագրավման ենթակա գույքը։ Դեկտեմբերի 16-ին ստացվել է քննիչի միջնորդությունը մասնակի մերժելու մասին որոշումը, որով պաշտպանի նույնաբովանդակ երրորդ միջնորդությունը մասնակի մերժվել է, տրամադրվել է մեղադրյալի գույքի վրա կալանք դնելու մասին որոշման օրինակը»։

Ռուբեն Հակոբյանը նշեց, որ քննիչը Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք է դրել այն պատճառաբանությամբ, որ երրորդ նախագահը ՀՀ պետական տարբեր մարմիններում նախկինում զբաղեցրել է բարձրաստիճան պաշտոններ, ինչպես նաեւ դրանից բխող կենսափորձ է ունեցել եւ ունեցած կապերը հիմք են տալիս ենթադրելու, որ իրեն վերագրվող արարքի բնույթից եւ վտանգավորության աստիճանից ելնելով՝ նա կարող է անձամբ կամ միջնորդավորված եղանակով թաքցնել, օտարել կամ սպառել սեփականության իրավունքով իրն պատկանող գույքը։

Պաշտպանը հայտնեց, որ քննիչի այդ որոշման դեմ իրենք բողոք են ներկայացրել առաջին ատյանի դատարան, որը մերժվել է, այնուհետեւ նույն բողոքը ներկայացրել են ՀՀ վերաքննիչ դատարանը, որը նույնպես մերժվել է, այնուհետեւ բողոք են ներկայացրել նաեւ ՀՀ վճռաբեկ դատարան, որի որոշումը դեռեւս չկա։

Պաշտպան Հակոբյանը շեշտեց, որ Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու մասին քննիչի որոշումը ոչ իրավաչափ է, ակնհայտ չհիմնավորված եւ չպատճառաբանված. «Գույքի վրա կալանք դնելիս խախտվել են տվյալ դատավարական հարկադրանքի միջոցի կիրառումը կանոնակարգող, Քրեական դատավարության օրենսգրքի բազմաթիվ հոդվածներ»։

Ըստ Հակոբյանի՝ գույքի տիրապետողն իրավունք ունի որոշել, թե առաջին հերթին որ արժեքների վրա է անհրաժեշտ կալանք դնել՝ ապահովելու համար որոշման մեջ նշված գումարները. «Վարույթն իրականացնող մարմինը մինչեւ գույքի վրա կալանք դնելը առհասարակ չի պարզել՝ Սերժ Սարգսյանն ընդհանրապես գույք ունի՞, թե՞ ոչ»։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։

Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը պնդում է, որ մեղադրանքը շինծու է։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page