top of page

Սերգեյ Մեղրյանին՝ պաշտոնի նշանակելու համար հատուկ օրենսդրական փոփոխություններ չեն կատարվել

Mar 19, 2020
1 min read

Տպագիր մամուլում, այնուհետև լրատվական կայքերի մամուլի տեսությամբ այսօր հրապարակվել է «Օրենք՝ հանուն ընկերո՞ջ. ԴԱՀԿ պետի նշանակման առեղծվածը» վերտառությամբ հոդված, որում, մասնավորապես, նշված է, որ «նորանշանակ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ընկերն է և այդ պաշտոնին կարողացավ նշանակվել միայն օրենքի փոփոխության շնորհիվ»:

Արդարադատության նախարարությունից Տեղեկատվության ստուգման կենտրոնին հայտնեցին, որ նախարար Բադասյանը, մինչև վերջին ժամանակահատվածը, Սերգեյ Մեղրյանի հետ առնչվել է ուսանողական տարիներին:

Ինչ վերաբերում է օրենսդրական փոփոխություններին՝ ապա նախարարությունից հայտնեցին, որ հունվարի 21-ին Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 65 օրենքների նախագծերը ներկայացվել էին ՀՀ վարչապետի աշխատակազմի Քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից, որոնք, ի թիվս այլնի, բխում էին հանրային ծառայության համակարգի բարեփոխումների ոլորտում Կառավարության որդեգրած և իրականացվող քաղաքականությունից։

Այդ բարեփոխումների արդյունքում ոչ միայն Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում, այլև Քրեակատարողական և Փրկարար ծառայություններում են կատարվել համապատասխան փոփոխություններ: Մեկ տասնյակից ավելի այլ օրենքներում վերանայվել են պաշտոններին ներկայացվող պահանջները:

Այսպիսով, պնդումները, թե Սերգեյ Մեղրյանը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ընկերն է և այդ պաշտոնին հատուկ իրեն նշանակելու համար կատարվել է օրենքի փոփոխություն, իրականությանը չեն համապատասխանում։

 
 
 

Comments


bottom of page