top of page

Սամվել Կարապետյանը դիմել է ՌԴ հայկական ու ադրբեջանական համայնքների ներկայացուցիչներին

Sep 29, 2020
1 min read

Սամվել Կարապետյանը կոչ է արել փոխադարձ հարգանք դրսևորել ու դադարեցնել սադրանքները, որոնք հանգեցնելու են Ռուսաստանի ներսում հակամարտության էսկալացիային։


«Հայ ձեռներեցների ասոցիացիան» հակամարտության կողմերին կոչ է արել բանակցություններ սկսել: Հայտարարությունը հրապարակվել է կազմակերպության նախագահ, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի անունից։

«Այս օրերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները մեծ մտահոգություն են առաջացնում։ «Հայ ձեռներեցների ասոցիացիայի» անունից կոչ ենք անում կողմերին վերադառնալ բանակցությունների սեղան ու նոր զոհերից, այդ թվում նաև խաղաղ բնակչության շրջանում, խուսափելու համար հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու տարբերակներ գտնել», - ընդգծել է Կարապետյանը։

Սամվել Կարապետյանը դիմել է Ռուսաստանի հայկական ու ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներին։ Նա կոչ է արել փոխադարձ հարգանք դրսևորել ու դադարեցնել սադրանքները, որոնք հանգեցնելու են Ռուսաստանի ներսում հակամարտության էսկալացիային։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 83 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 52 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։




 
 
 

Comments


bottom of page