top of page

«Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործով նախնական դատական նիստն ընթանում է

Jun 13, 2019
1 min read


Երևան քաղաքի դատարանի Քանաքեռի նստավայրում ընթանում է «Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործով նախնական դատական նիստը։ Այսօրվա նիստին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը Նիկոլ Փաշինյանի դեմ հայցից հրաժարվելու վերաբերյալ գրավոր միջնորդություն պետք է ներկայացնի  դատարանին։

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2018 թվականի սեպտեմբերի 17-ին դիմել էր Երևան քաղաքի դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջով: Հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն է՝  ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի վերաբերյալ: Հայցվոր կողմը զրպարտություն է համարում Փաշինյանի զրույցի հետեւյալ հատվածը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել. «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

Այս հայտարարությունը Փաշինյանն արել էր Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով ազատ արձակելու Վերաքննիչ դատարանի որոշումից օրեր անց։

Հիշեցնենք, որ երեկվա նիստին Ալումյանը հայտարարել էր, որ եթե իրենց դատավարական հակառակորդը կհայտարարի, որ հայտարարությունը անելով՝ Փաշինյանը նկատի չի ունեցել Քոչարյանին, ապա իրենք պատրաստ են հրաժարվել հայցից: Արդեն նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, Հայկ Ալումյանը նշել էր, որ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը դատական նիստի ընթացքում հայտարարել է, որ վարչապետ Փաշինյանն այդ հայտարարությունն անելով նկատի չի ունեցել Քոչարյանին, ինչը հայցվոր կողմին բավարարել է:

Հայկ Ալումյանը դատարանից ժամանակ էր խնդրել հայցից հրաժարվելու վերաբերյալ դիմումը գրավոր ներկայացնելու համար:

 
 
 

Comments


bottom of page