ՌԴ Պետդուման պատրաստակամություն է հայտնել աջակցելու Լեռնային Ղարաբաղում իրավիճակի խաղաղ կարգավորմանը
ՌԴ Պետդուման այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ընդունել է հայտարարություն Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ, որում երկու կողմերին կոչ է անում դադարեցնել կրակը և պատրաստակամություն է հայտնում տրամադրել միջնորդական օգնություն խաղաղ կարգավորման համար: Այդ մասին հայտնում է ТАСС-ը։
Մասնավորապես, ռուս պատգամավորները «լուրջ մտահոգություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ, որը հանգեցրել է բազմաթիվ մարդկային զոհերի, և խստորեն դատապարտում են կողմերի ուժի գործադրումը»: «Պետդուման հայտարարում է անհապաղ հրադադարի, տարածաշրջանում առճակատման էսկալացիայի կանխման անհրաժեշտության և իրավիճակի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չլինելու մասին: Պետդումայի պատգամավորները կողմերին կոչ են անում շուտափույթ վերադառնալ բանակցային գործընթացին և պատրաստ են տրամադրել միջնորդական օգնություն իրավիճակի կայունացման համար», – ասվում է տեքստում:





Comments