Ջրաձոր գյուղն ամբողջությամբ կտեղափոխվի.Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագիրը

Կառավարությունը հաստատել է Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1
ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման գործողությունների պլանը: Հիմնավորման համաձայն, 2014 թ. դեկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև կնքվել է վարկային համաձայնագիր, որով, մասնավորապես, նախատեսվել է իրականացնել Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման ծրագիրը: Կիսակառույց ջրամբարը գտնվում է Շիրակի մարզում ՝ Գյումրի քաղաքից դեպի հյուսիս 22 կմ հեռավորության վրա գտնվող Ախուրյանի գետահովտում։ Ծրագիրն ընդգրկում է Կապսի պատվարի կայունացում և վերականգնում։
Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը,
Ջրաձորի վերաբնակեցումը պետք է արվի առաջին փուլի իրականացմանը զուգահեռ՝ պետական միջոցներով:
Հետազոտությամբ ամբողջությամբ գնահատվել են բոլոր գույքերը. 72 և ավելի տնտեսություն, շուրջ 350 բնակչի հնարավոր կլինի վերաբնակեցնել նոր տեղում, որը կլինի 60 մլն խմ-անոց ջրամբարի հարևանությամբ, տեղը նախնական ընտրված է: Ջրաձորի բնակիչները հակված են ամբողջական վերաբնակեցմանը, որի արժեքը նախնական գնահատականներով կազմում է 4,9 մլրդ դրամ: «Նոր գյուղը պետք է լինի ժամանակակից դիզայնով, բովանդակությամբ, առանձնացված անասնապահական և բնակելի հատվածներով: Ունենալու ենք նոր տիպի բնակավայր, որը ներդաշնակորեն կամբողջացնի տարածաշրջանի զբոսաշրջային ներուժըե - ասել է Վաչե
Տերտերյանը:
Վարչապետը նշել է նաև, որ Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին դեպքն է
լինելու, երբ զրոյից գյուղ է կառուցվում: «Այս ծրագիրը կարևոր է ոչ միայն Ջրաձորի բնակիչների համար, այլև՝ 21- րդ դարի հայկական գյուղի վերաբերյալ մեր պատկերացումները կոնկրետացնելու առումով: Բնակությունը գյուղում և գյուղատնտեսությունը բացարձակապես տարբեր բաներ են: Կարծում եմ ՝ պետք է այս հայեցակարգի գործնական իրագործումը կարողանանք իրականացնել կոնկրետ զրոյից հիմնադրվող բնակավայրում, ինչը կարող է շատ հեշտ գործ չլինել, որովհետև կարող են լինել պատկերացումներ, կարծրատիպեր, որոնք հաղթահարելը առանձնապես հեշտ չլինի, բայց մենք պետք է հետևողական այս ճանապարհով գնանք,-ասել է կառավարության ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ անհրաժեշտ է կոնկրետացնել ջրամբարաշինության ոլորտում
կառավարության հետագա անելիքները, քանի որ ջրային պաշարը դառնում է ավելի ու ավելի կարևոր ռեսուրս, և այն պետք է արդյունավետ կառավարել:




Comments