top of page

ՊԵԿ-ը և Համաշխարհային բանկի համատեղ ծրագիրն ավարտվել է

Aug 2, 2021
2 min read

Ավարտվել է Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ իրականացված «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագիրը, որը ֆինանսավորվում էր Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից:

ՊԵԿ-ից հայտնում են, որ արդյունքների ամփոփման ժամանակ ներկայացվել են ծրագրի առանցքային քայլերը, որոնցից են խոշոր հարկ վճարողների ռիսկերի կառավարման գործընթացի քարտեզագրՊԵԿ-ը և Համաշխարհային բանկի համատեղ ծրագիրն ավարտվել է

ումը, հարկային ստուգումների կատարելագործմանն ուղղված աշխատանքները, ստուգումներին մասնակցող աշխատակիցների համար կազմակերպված, նաև տրանսֆերային գնագոյացման վերաբերյալ դասընթացները։

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը ծրագիրը հաջողված է գնահատել, քանի որ հնարավորություն է ընձեռել կատարելագործել հարկ վճարողներին մատուցվող ծառայություններն ու Պետական եկամուտների կոմիտեի կարողությունները․ «Շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին։ Կարծում եմ՝ առաջիկայում ևս կլինեն համատեղ ծրագրեր, որոնցում կոմիտեն պատրաստակամ է ներգրավվել իր ողջ կարողություններով և մասնագիտական թիմով»։

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը կարևոր է համարել Հայաստանի շարունակական և կայուն զարգացմանն աջակցելը․ «Այս ծրագրերով մենք խորհրդատվական աջակցություն ենք տրամադրել ՊԵԿ-ին՝ հարկ վճարողներին մատուցվող ծառայությունները և եկամուտների հավաքագրումը բարելավելու համար։ Նպատակն էր Հայաստանում ձևավորել ավելի արդյունավետ և թափանցիկ հարկային ու մաքսային ծառայություններ»։

Ծրագիրն իրագործելիս կարևորվել է հարկ վճարողների իրազեկման մեխանիզմների կատարելագործումը, որի նպատակով մշակվել են հարկային ուղեցույցներ զբոսաշրջության, առևտրի և արտադրության ոլորտների վերաբերյալ։ Բացի այդ, ՊԵԿ-ի կայքում առանձին բաժին է հատկացվել հաճախ տրվող հարցերի վերաբերյալ իրազեկումներին։ Մշակվել են նաև ստուգումների ուղեցույցներ։

«Չնայած կորոնավիրուսի համավարակով պայմանավորված զգալի մարտահրավերներին՝ ծրագիրն ավարտվեց ժամկետից շուտ։ Կարծում եմ՝ ծրագրի արդյունքում ՊԵԿ-ը կկարողանա էլ ավելի բարելավել հարկերի հավաքագրումները՝ միևնույն ժամանակ կրճատելով այդ ուղղությամբ կատարվող ծախսերը և ջանքերը»,-նշել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։

Համաշխարհային բանկը ՊԵԿ-ին աջակցությունն է ցուցաբերել 17 ուղղություններով։ «Ներգրավել ենք փոքր, միջին և խոշոր հարկ վճարողներին, նաև աուդիտորական ընկերություններին։ Արդյունքում, կարծում եմ, շատ հաջող համագործակցություն է ստացվել՝ կոմիտեի ամենօրյա գործակցությամբ և Համաշխարհային բանկի թիմի արդյունավետ աշխատանքով»,-ընդգծել է ծրագրի համակարգող Անահիտ Բասենցյանը։

Ծրագրի շրջանակում մշակվել է նաև մաքսային վարչարարությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու համար անհրաժեշտ գործողությունների շարք, ինչը կխթանի առևտրի դյուրացման գործընթացը։

Հայաստանի հարկային և մաքսային համակարգերը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ջանքերը ճիշտ հունով ուղղորդելու նպատակով հարկ վճարողների շրջանում իրականացվել է հարցում։ Արդյունքները վերհանել են հարկերը վճարելու հիմնական շարժառիթները, նաև հարկային և մաքսային բարեփոխումների վերաբերյալ հարկ վճարողների ընկալումները։

 
 
 

Comments


bottom of page