Պարտավոր ենք հաղթել. Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ։ «Այսօր Հաղթանակի և խաղաղության օրն է: Հիշենք բոլորին, ովքեր պայքարել են հաղթելու վստահությամբ և չպարտվելու հաստատակամությամբ: Հիշենք բոլորին, ովքեր ընկել են հաղթանակի ու խաղաղության համար: Խոնարհվենք նրանց հիշատակի ու սխրանքի առաջ: Նրանք հաղթեցին 30 տարի առաջ՝ հայկական պատմական Շուշին ազատագրելով: Նրանք հաղթեցին ավելի քան 75 տարի առաջ Մեծ Հայրենականում: Նրանք բոլորը համոզված էին, որ ազատությունն ու հաղթանակը երբեք չեն մատուցվում որպես նվեր, որ դրանք ձեռք են բերվում կամքի ու ջանքի շնորհիվ, շատ հաճախ՝ կյանքի ու առողջության գնով: Որևէ ձեռքբերում, առավել ևս՝ հաղթանակ պետք է զարգացնել և վերածել ուժեղ պետության ու կազմակերպված հասարակության, արժանապատիվ խաղաղության և կայուն առաջընթացի՝ հանուն մեր ժողովրդի, հանուն Հայաստանի և Արցախի: Մենք պարտավոր ենք հաղթել: Իսկ հաղթանակի երաշխիքը մեր միասնությունն է ու կամքը, մեր վճռականությունը և կազմակերպվածությունը, մեր նպատակասլացությունը և կարգապահությունը: Ապրենք և աշխատենք այնպես, որ արժանի լինենք հաղթանակի», - նշված է ուղերձում։




Comments