top of page

Պարզաբանում Աշոտ Առուշանյանի դատվածության վերաբերյալ

Jun 12, 2020
2 min read

Այսօր «Հրապարակ» օրաթերթը տվյալներ է տարածել «Հայավտոկայան» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Առուշանյանի վերաբերյալ: Հայտնում ենք, որ ներկայացված տեղեկությունները ամբողջությամբ չեն արտացոլում իրականությունը և խեղաթյուրված են:

Առաջին հերթին հարկ ենք համարում նշել, որ Աշոտ Առուշանյանը դեռևս ձերբակալության օրվանից՝ 2012 թ. հունիսի 20-ից, չի ընդունել իրեն մեղսագրված արարքը՝ հայտնելով, որ որևէ կողոպուտի երբևէ չի մասնակցել, ոչ մեկին հանցավոր արարքներում չի օժանդակել:

Ներկայումս ՄԻԵԴ-ում քննության է առնվում 3 գանգատ՝ քրեական գործին Աշոտ Առուշանյանի ներգրավվածության վերաբերյալ: Գործի առնչությամբ առկա է ապօրինի կալանքի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասորով խախտում արձանագրելու հիմքով, որը ՀՀ կառավարության կողմից 2020 թվականի ապրիլի 9-ի N 549-Ն որոշմամբ ընդունվել է:


Անդրադառնանք նյութում արտացոլված մի քանի պնդումների, որոնք չեն համապատասխանում իրականությանը.

  • «Հիմա, ըստ էության, նրան հատուցում են այդ աջակցության համար՝ աչք փակելով նրա դատվածության վրա»: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից հանվել է Աշոտ Առուշանյանի դատվածությունը՝ անբասիր վարք դրսևորելու հիմքով: Հետևաբար, որևէ խոչընդոտ առկա չէ «Հայավտոկայան» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու համար՝ հիմք ընդունելով Կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի թիվ 224-Ն որոշումը:

  • «Այս անձնավորության պատիժը թավշյա հեղափոխության ժամանակ ազատ ռեժիմի է փոխվել (…)»: Աշոտ Առուշանյանի պատիժը ազատ ռեժիմի է փոխվել 2015 թվականի հուլիսի 28-ից, որը ոչ մի կերպ չի կարող առնչություն ունենալ 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխության հետ:

Ցանկանում ենք շեշտել, որ հրապարակված նյութում անտեսվել են գործին առնչվող կարևոր մանամասներ, որոնց բացակայությունը կարող է թյուրըմբռնման առիթ հանդիսանալ, մասնավորապես՝

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հունիսի 16-ի օրինական ուժի մեջ մտած դատավճռով Աշոտ Առուշանյանի «դեմ» տրված և մեղադրանքի հիմքում դրված ցուցմունքները ճանաչվել են անթույլատրելի:

Դատարանը հաստատել է, որ Աշոտ Առուշանյանի՝ հանցագործությանն օժանդակելու (ընդ որում՝ «օժանդակելու», ոչ թե, ինչպես հոդվածում է որակված, «կազմակերպելու») հանգամանքը «բացահայտող» ցուցմունքներն ու առերես հարցաքնությունը որպես ապացույց օգտագործելն անթույլատրելի է:

Փորձագիտական եզրակացությամբ հաստատվել է մեղադրանքի հիմքում որպես ապացույց դրված՝ տեսախցիկների կատարած տեսաձայնագրության կեղծված լինելու հանգամանքը:


Հորդորում ենք լրատվամիջոցներին ներկայացնել պարզաբանում հրապարակված ոչ հավաստի տեղեկությունների առնչությամբ և հրաժարվել չճշտված տեղեկատվությամբ լսարանին շփոթեցնելու պրակտիկայից:


 
 
 

Comments


bottom of page