Պատիվ ունեմ ստանձնելու այս պաշտոնը․Հարությունյանը ներկայացրել է Ազգային գրադարանի նոր տնօրենին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Հայաստանի ազգային գրադարանի անձնակազմին է ներկայացրել գրադարանի նորընտիր տնօրեն Աննա Չուլյանին: Չուլյանն առավելագույն ձայներով հաղթող է ճանաչվել ԿԳՄՍ նախարարության կողմից տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում:
Միջոցառմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը և նախարարի օգնական Դավիթ Դանիելյանը:
«Մինչև Տիկին Չուլյանին ներկայացնելը՝ կցանկանամ շնորհակալություն հայտնել Հրաչյա Սարիբեկյանին այս ընթացքում կատարած աշխատանքի համար: Նա բավականին բարդ փուլում էր ստանձնել գրադարանի ղեկավարի պարտականությունները, և ժառանգությունը, որ ստացել էր, նախանձելի չէր: Այն խնդիրները, որ դրված են եղել պարոն Սարիբեկյանի առջև, հիմնականում լուծվել են, և հիմա այդ աշխատանքը կշարունակի տիկին Չուլյանը՝ կրկնապատկելով ջանքերը, և Ազգային գրադարանը կծառայի հիմնական նպատակներին, որոնք ամրագրվել են գրադարանի ստեղծումից ի վեր», - նշել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Շնորհավորելով նորընտիր տնօրենին՝ 2019 թվականի փետրվարից տնօրենի պաշտոնակատար նշանակված գրող, գրականագետ Հրաչյա Սարիբեկյանը շնորհակալություն է հայտնել գրադարանի աշխատակազմին համատեղ գործունեության ու լավ աշխատանքի համար:
«Ես առաջին անգամ չէ, որ այս շենքում եմ, բայց այսօր շատ պատվավոր առաքելությամբ եմ այստեղ: Պատիվ ունեմ ստանձնելու այս պաշտոնը: Հստակ գիտակցում եմ պատասխանատվության աստիճանը և աշխատանքի ծավալը, որ սպասում է ինձ: Ես չեմ վախենում, քանի որ աշխատելու եմ այսպիսի մեծ անձնակազմի հետ: Գրադարանում չեն աշխատում պատահական մարդիկ, գրադարանում աշխատում են նվիրյալներ: »,- ասել է գրադարանի նորընտիր տնօրեն, Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիայի նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Չուլյանը:




Comments