Պատերազմի ելքից և ստորագրված հայտարարությունից հետո սպասելի էր իմ դուրս գալը. Սոֆյա Հովսեփյան

«Պատերազմի ելքից եւ ստորագրված հայտարարությունից հետո սպասելի էր իմ դուրս գալը: Այն արժեհամակարգը, մտածողությունը, որ ես ունեի մեր երկր նկատմամբ, տրամաբանական էր հենց անմիջապես իմ դուրս գալը, բայց հասկանալով երկրի առջեւ ծառացած խնդիրները, ես որոշեցի, որ պետք է այդ խնդիրներին ուղղակիորեն լծվեմ եւ փորձեմ լուծումներ տալ: Բայց խնդիրները չափազանց շատ էին եւ այն վերաբերմունքը, գործողությունները եւ գործունեությունը, որտեղ չափազանց թերացումներ կար իշխանության կողմից, այն ոչ լուրջ վերաբերմունքը գործողությունների ազատ կամզակերպման հարցում, հանգեցրին իմ այս որոշմանը»: Այս մասին, այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը
Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը թե պատերազմից առաջ, թե պատերազմի ժամանակ եղել է այն, որ որեւէ կերպ հողերը չտրվեն Ադրբեջանին. «Ես կիսել եմ այդ կարծիքը եւ որեւէ հարցադրում անելու կարիք չի եղել: Այլ բան է, որ որեւէ ժամանակ խոսվեր այն մասին, որ մենք պետք է պատերազմով հողեր հանձնենք, ապա բնականաբար, իմ արձագանքը կլիներ այլ»:
Նա անդրադարձավ «Իմ քայլի» պատգամավորների այն մոտեցմանը, որ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ ստացած մանդատը պետք է վայր դնել, եթե լքում ես խմբակցությունը. «Իմ գործընկերները, որոնք նման գնահատականներ են տվել, իրենք լավ գիտեն, թե ով է Սոֆյա Հովսեփյանը, ինչ կարողություններ ուներ եւ ունի: Մինչեւ պատգամավոր դառնալը ինձ բոլոր մարզերում ճանաչում էին, իմ գործունեությանը ծանոթ էին, գիտեին, թե ես որքան նվիրված եմ իմ երկրին»:
Ինչ վերաբերում է «Իմ քայլի» պատգամավորների արձագանքին, նա ասաց. «Չեմ ուզենա որեւէ կերպ գնահատել, կթողնեմ ամեն մեկն իր խղճով մոտենա հարցին: Կարծում եմ՝ այն որակումները, որ տրվեցին, ոչ հարիր էր իմ նման մարդուն տալուն, ոչ էլ հարիր է որեւէ պատգամավորի մտքից դուրս բերելու»:




Comments