top of page

Պապիկյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Դեբորա Գրիզերի հետ

Sep 11, 2020
1 min read

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի հետ։ Հեռավար հանդիպմանը մասնակցել են առաքելության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանը, ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի պատասխանատուներ։ Նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Դեբորա Գրիզերին՝ Հայաստանի համար առաջնահերթ համարվող բարեփոխումներին աջակցելու և արդյունավետ համագործակցության համար՝ հաջողություն մաղթելով հետագա գործունեության ընթացքում։ «ԱՄՆ ՄԶԳ-ի հետ մեր համագործակցության շրջանակը շատ լայն է։ Բոլոր այն ծրագրերի ուղղությամբ, որոնք ընդգրկված են եղել մեր օրակարգում, հսկայածավալ աշխատանք է կատարվել, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Հույս ունեմ, որ առաջիկայում ևս մեր համագործակցությունը նույնքան արդյունավետ կլինի»,-նշել է Ս․Պապիկյանը՝ ողջունելով Դեյիդ Հոֆմանին, ով առաջիկա տարիներին կղեկավարի առաքելության աշխատանքները Հայաստանում։ Դեբորա Գրիզերն իր հերթին նույնպես շնորհակալություն է հայտնել նախարարին և իր թիմին՝ ձևավորված փոխվստահության մթնոլորտի, համատեղ աշխատանքում առաջնորդության և ցուցաբերված աջակցության համար։ «Այս չորս տարիներն անձամբ ինձ համար և նաև մասնագիտական տեսակետից շատ հագեցած տարիներ են եղել։ Թավշյա հեղափոխությունից հետո ԱՄՆ կառավարությունը որոշեց ընդլայնել համագործակցությունը բարեփոխումներ որդեգրած նոր կառավարության հետ՝ ավելացնելով բյուջեն և աջակցելով երկրում ընթացող ժողովրդավարական և տնտեսական բարեխումներին»,-ասել է Դեբորա Գրիզերը։ Վերջինս արդյունավետ է համարել ՏԻՄ կարողությունների հզորացման, էներգետիկայի, ջրային կառավարման և մի շարք այլ ոլորտներում իրականացված ծրագրերը։ «2021 թվականը մեզ համար լինելու է մեր ոլորտին առնչվող, մասնավորապես, ՏԻ ոլորտին առնչվող ամենամեծ բարեփոխումների փուլը։ Խոսքը վերաբերում է վարչատարածքային բարեփոխումներին, համայնքների միավորման գործընթացին։ Արդեն իսկ կատարված բարեփոխումներում շատ էական է ԱՄՆ ՄԶԳ դերը »,-նշել է նախարարը՝ հույս հայտնելով, որ հետագա տարիներին ևս աջակցությունը շարունակական կլինի։ Հանդիպմանը քննարկվել է նախարարության համակարգման որոտներում ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը և տարբեր բնագավառներում համագործակցության հնարավորությունները։

 
 
 

Comments


bottom of page