top of page

Պաշտպանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի միջնորդության հարցով դիմել է ՄԻՊ-ին և ԲԴԽ-ին

Mar 24, 2020
1 min read

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին՝  Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը քննելու շուրջ ստեղծված իրավիճակի հարցով։ Այս մասին հայտարարություն է տարածել Քոչարյանի պաշտպանական խումբը։

Պաշտպանին տեղեկացրել են, որ իր դիմումները ստացվել են և մուտք են արվել համապատասխան աշխատակազմերում։

Մարտի 23-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրաժարվել էր մակագրել Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը այլ դատավորի, պատճառաբանելով, որ սույն քրեական գործը գտնվում Աննա Դանիբեկյանի վարույթում և միջնորդությունը գտնվում է   բացառապես իր լիազորությունների շրջանակում։

Սույն քրեական գործով հերթական դատական նիստը, որը նշանակված էր մարտի 17-ին, չի կայացել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի բացակայության պատճառով։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Դանիբեկյանը վիրահատություն է տարել։

Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը:

 
 
 

Comments


bottom of page