top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան


Երկօրյա պաշտոնական այցով այսօր երեկոյան Հայաստան է ժամանել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան տիկնոջ՝ Դիանա Նաուսեդիենեի հետ: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք: Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում մայիսի 20-ին նախատեսված դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Գիտանաս Նաուսեդայի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Հայաստանի և Լիտվայի նախագահներն այնուհետև հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ: Լիտվայի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, նաև շրջայց կկատարի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում են Լիտվայի նախագահի հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գիտանաս Նաուսեդային կհյուրընկալի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Լիտվայի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաև Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page