top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ուհան քաղաքի վիրուսաբանության ինստիտուտից կորոնավիրուսի արտահոսքի բազմաթիվ ապացույցներ կան.Պոմպեո


ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն Fox News-ի եթերում հայտարարել է, որ Չինաստանի Ուհան քաղաքի վիրուսաբանության ինստիտուտից կորոնավիրուսի արտահոսքի բազմաթիվ ապացույցներ կան:

«Իրականում, մենք շատ բան գիտենք։ Գիտենք, որ այնտեղ ֆունկցիոնալ հետազոտություն է անցկացվել, որ այդ ինստիտուտում նախկինում արտահոսքեր են արձանագրվել: Մենք գիտենք, որ 2019 թվականի աշնանը եղել են բժիշկներ, որոնք հիվանդացել և հոսպիտալացվել են։ Գիտենք, որ նույն ինստիտուտում ռազմական գործունեություն է ծավալվել»,- ընդգծել է Պոմպեոն։

Նա նաև նշել է՝ Չինաստանի իշխանությունները, եթե ցանկանային, կարող էին 1 րոպեում պարզել՝ ինչպես է տեղի ունեցել կորոնավիրուսի բռնկումը։

«Երբ հասնենք այս պատմության ավարտին, կտեսնենք, որ Չինաստանն այս ամբողջ ընթացքում իմացել է՝ ինչպես է տեղի ունեցել կորոնավիրուսի բռնկումը և որ վիրուսաբանության ինստիտուտն այս ամենի կենտրոնում է»,- նշել է նախկին պետքարտուղարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սպիտակ տունը հաղորդագրություն էր տարածել, որում մեջբերվում էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերն այն մասին, որ ԱՄՆ հետախուզական հանրությունը «վիրուսի ծագման շուրջ միավորվել է երկու հավանական սցենարների շուրջ, այդ թվում՝ վիրուսաբանության ինստիտուտից արտահոսքի, սակայն վերջնական եզրակացության չի եկել»։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտին հրապարակել է COVID-19-ի ծագումը պարզելու համար Ուհան քաղաք այցելած իր փորձագետների միջազգային խմբի զեկույցի ամբողջական տարբերակը: Փաստաթղթում վիրուսաբանության ինստիտուտից կորոնավիրուսի արտահոսքն անվանել են «քիչ հավանական»։ Զեկույցում նշվում է, որ նոր տեսակի կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, մարդուն փոխանցվել է չղջիկների միջոցով։

Զեկույցի հրապարակումից հետո ԱՄՆ-ն և ևս 13 պետություններ համատեղ հայտարարություն են հրապարակել՝ կոչ անելով COVID-19-ի ծագման «թափանցիկ և անկախ» հետաքննություն անցկացնել։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page