Որպես ՀՀ քաղաքացի՝ կարող եմ ասել, որ կլոր սեղանի շուրջ կարելի է լուծել ցանկացած ճգնաժամ. Վարդազարյան

Ռուբեն Վարդազարյանը լրագրողների հետ զրույցում ևս մեկ անգամ հաստատեց, որ քաղաքական հարցերի չի պատասխանելու և չպատասխանեց ԳՇ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին հարցերին. «Որպես ՀՀ քաղաքացի՝ կարող եմ ասել, որ կլոր սեղանի շուրջ կարելի է լուծել ցանկացած ճգնաժամ»:
Դատական բարեփոխումների մասին խոսելով, և դիտարկմանը, որ վարչապետի կամ ցանկացած քաղաքացու նկատմամբ մահափորձի հայտարարություն անող մարդը չի կալանավորվում, իսկ մյուսն անում է այդ հայտարարությունը և կալանավորվում՝ նշեց, որ դատական համակարգում խոր ճգնաժամ չկա. «Դուք վերաքննիչ դատարանը չեք, որ գնահատական տաք դատավորի կողմից կայացրած որոշմանը: Դրա համար կա վերաքննիչ դատարան, վճռաբեկ դատարան, վերադաս դատարանները կարող են պատասխանել այդ հարցին՝ դատավոր ճիշտ է եղել, թե սխալ: Ո՛չ ես, ո՛չ լրագրողները, ո՛չ ԱԺ պատգամավորները, ո՛չ քաղաքական գործիչները, ո՛չ քաղհասարակությունն իրավասու չեն դատավորի կայացրած որոշմանը տալ գնահատական»:
Լրագրողի այն հարցին՝ ինչու դատական համակարգում կա իրավիճակ, երբ դատավորի ամսական եկամուտը ընդհանուր կարողություններից մեծ է, Վարդազարյանը նշեց, որ այդ հարցը պետք է տալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին կամ դատավորներին. «Եթե կոռուպցիոն ռիսկեր տեսնի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, վարույթ հարուցի և ներկայացնի ԲԴԽ, ապա ԲԴԽ-ն կպատասխանի այդ հարցին: Ես ինչպես կարող եմ ԱԺ-ի միջանցքում պատասխանել վերացական հարցին»:
Մարտի 1-ի գործով արդեն մոտ երկու տարի է ձգձգվող դատական նիստերի մասին նույնպես Վարդազարյանը կարծիք չհայտնեց՝ պնդելով, որ ինքն իրավասու չէ այդ հարցին պատասխանել. «Ես իրավասու չեմ միջամտել և պատասխանել կապված կոնկրետ քաղաքացիական, քրեական կամ վարչական գործերով»:
Խոսելով Գագիկ Ջhանգիրյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցնելու հարցի մասին՝ Ռուբեն Վարդազարյանը նշեց, որ Ջհանգիրյանը աշխատում է ԲԴԽ-ում. «Այս փուլում նման հարց օրակարգում չկա, կա ընդամենը մեկ հայց, երբ դատավորներից մեկը հայց է ներկայացրել վարչական դատարան իմ դեմ՝ պարտավորեցնելով ինձ դադարեցնել Գագիկ Ջhանգիրյանի լիազորությունները: Սպասում ենք դատարանի ակտին: Ես հայցադիմումն ընթերցել եմ, բայց չեմ ուզում պատասխանել հիմնավոր լինելու մասին հարցերին»: Խոսելով Ջհանգիրյանի հետ աշխատանքի մասին՝ ԲԴԽ նախագահը նշեց, որ ինքը կարծում է՝ կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո ԱԺ-ն իրավասու չէր ընտրել Ջհանգիրյանին՝ որպես ԲԴԽ անդամի. «Բայց ես հայտարարությունն այդ արել եմ, երբ պարոն Ջհանգիրյանի թեկնածության մասին լուրեր էին պտտվում, և նա պաշտոնապես թեկնածու չէր: Երբ նա պաշտոնապես դարձավ ԲԴԽ անդամի թեկնածու, ես որևէ հայտարարություն պարոն Ջհանգիրյանի մասին չեմ արել, դրսևորել եմ զսպվածություն, որը պարտադրված է օրենքով»:




Comments