Ով ինչպես է օգտագործում կորոնավիրուսը

Ֆորսմաժորային իրավիճակներում սովորաբար համախմբվում են բոլորը՝ իշխանությունները, քաղաքական ուժերը, գործարարները, շարքային քաղաքացիները... Համախմբվում են այն պարզ պատճառով, որ այդպես ավելի հեշտ է հաղթահարել ճգնաժամը։ Հենց դրանով է հասարակությունը տարբերվում բնակչությունից, պետությունը՝ տարածքից։ Ու շատ կարեւոր է, որ բոլորը գիտակցեն ընդհանուր շահն ու չփորձեն առաջնորդվել անձնական կամ նեղ-խմբակային շահերով՝ թքած ունենալով պետական կամ հանրային շահերի վրա։
Մեզանում, ցավոք, այնքան էլ այդպես չէ։ Այսինքն՝ աշխարհի ոչ մի երկրում էլ այդպես չէ, բայց մեզ այս պահին մեր խնդիրներն են հետաքրքրում, հետեւաբար՝ հենց դրանց էլ կանդրադառնանք։ Տեսեք, թե ինչ է տեղի ունենում։ Իշխանությունների մեջ էլ, իհարկե, քիչ չեն մարդիկ, ովքեր կորոնավիրուսն ընկալում են որպես «ինքնափիառվելու» հրաշալի առիթ, բայց ընդդիմությունն այս առումով անգերազանցելի է։ Տեղից վեր կացողը կոչ է անում անհապաղ վարկային արձակուրդ հայտարարել ու մի քանի ամսով սառեցնել առանց բացառության բոլոր վարկերի տոկոսները («ջանդամը», թե բանկային համակարգը չի փլուզվի), մի քանի ամիս չվճարել գազի, ջրի ու էլեկտրաէներգիայի դիմաց («ջանդամը», թե այդ համակարգերի հետ ինչ տեղի կունենա), սոցիալապես անապահով խավերին անհապաղ դրամական օգնություն ցուցաբերել, եւ այլն։ Նման կոչեր հնչեցնողներն, իհարկե, շատ լավ հասկանում են, որ պետությունն այդ հնարավորությունները չունի, եթե անգամ ունենա էլ՝ չի կարող թույլ տալ, որ տնտեսությունն այդպիսի պոպուլիստական քայլերի պատճառով փլուզվի։ Բայց դա նրանց չի հետաքրքրում։ Նրանց պետք է ժողովրդի աչքին «լավամարդ երեւալ» եւ վերջ։ Պարզ ասած՝ նրանք փորձում են այս իրավիճակը ծառայեցնել իրենց քաղաքական շահերին։
Այդպիսի օրինակներ կան նաեւ բիզնես-շրջանակներում։ Նույնիսկ այն ոլորտներում, որոնց համար կորոնավիրուսը «երկնային մանանա» էր (ծավալներն ու շահույթները կրկնապատկվել-եռապատկվել են), որոշ գործարարներ փորձում են օգտվել առիթից ու լրացուցիչ արտոնություններ ստանալ։ Շարքային քաղաքացիներից շատերն էլ իրենց հերթին են «առիթավորվում»՝ հույս ունենալով (ու հաճախ ագրեսիվ ձեւով պահանջելով), որ կոմունալ վարձավճարները «ջրվեն»։ Մի խոսքով՝ ամեն մեկը փորձում է ստեղծված իրավիճակից թռցնել իր «փայը»։
Բարեբախտաբար՝ հանրության գիտակից ու պատասխանատու հատվածը մեզանում բացարձակ մեծամասնություն է։ Իսկ գիտակից հասարակությունները նման իրավիճակում վարվում են հետեւյալ կերպ. ովքեր հնարավորություն ունեն՝ անպայման վճարում են վարկերի տոկոսներն ու կոմունալ վարձերը, եթե անգամ վարկային արձակուրդ ստանալու հնարավորություն ունեն կամ գիտեն, որ չվճարելու դեպքում իրենց հոսանքը կամ գազը չեն անջատելու, քաղաքական գործիչները զերծ են մնում ակնհայտ պոպուլիստական կոչերից՝ գիտակցելով, որ դա կարող է հակառակ արդյունքն ունենալ (մարդիկ հասկանում են, չէ՞, որ դա արվում է ոչ թե իրենց նկատմամբ սիրուց, այլ իշխանությունների նկատմամբ իրենց վերաբերմունքը փոխելու նպատակով), գործարարները գիտակցաբար հրաժարվում են գերշահույթներից, եթե անգամ պետությունը դա կանխելու բավարար մեխանիզմներ չունի կամ չի ցանկանում կոշտ մեթոդների դիմել, եւ այլն։
Մեծ հաշվով՝ խնդիրը կորոնավիրուսը չէ, դա մենք կհաղթահարենք։ Խնդիրն այն է, թե ինչ գնով։ Իշխանություններն ամեն ինչ անում են, որ այդ գինը հնարավորինս ցածր լինի, որովհետեւ հետագա վերականգնման պատասխանատվությունն իրենց ուսերին է լինելու։ Բայց արդյո՞ք բոլորի համար է կարեւոր այդ գինը, թե՞ կան շրջանակներ, որոնց համար ինչքան հետո ավելի դժվար լինի՝ այնքան լավ։




Comments