Ո՞ր պաշտոնյային է մեղադրանք առաջադրել ԱԱԾ-ը

Այսօր ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից խոշոր չափերով հափշտակություններ և կեղծիքներ կատարելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Խոսքը Սամվել Խաչատրյանի մասին է, ով երկար տարիներ ղեկավարում է ՊՈԱԿ-ը։
ՊՈԱԿ-ի տնօրենը առաջին անգամը չէ, որ հայտնվում է պատկան մարմինների ուշադրության կենտրոնում։Մեկ տարի առաջ՝ 2019թ-ի հունվարի 30-ին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Աննա Կարապետյանը համատեղ այց էին իրականացրել «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն։Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մշտադիտարկում էր իրականացրել ««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Դիտարկման արդյուքներով ՄԻՊ-ը արձանագրել էրժամկետանց սննդամթերք, ժամկետանց դեղեր, բժշկական պարագաներ, գերբնակեցում և այլն։Իսկ արդեն 2019թ-ի մարտին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը խիստ նկատողություն էր հայտարարել ««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Խաչատրյանին՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար:Մեր տեղեկություններով այս պահին Սամվել Խաչատրյանը դեռևս շարունակում է պաշտոնավարել։ Նա աշխատանքից ազատման դիմում է գրելու մարտի վերջին, քանի որ անցնելու է թոշակի։Հիշեցնենք, որ ԱԱԾ ստացված փաստական տվյալների համաձայն՝ 2015-2019 թթ. ««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենն իր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ իրեն վստահված ուրիշի գույքը հափշտակելու (յուրացնելու) դիտավորությամբ, 2015-2019 թթ. ընկած ժամանակահատվածում մի շարք քաղաքացիների հրամանագրել է կազմակերպության տարբեր հաստիքներում, ովքեր փաստացի աշխատանքի չեն հաճախել: Նրանց տվյալները ներառվել են աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում ու աշխատավարձի հաշվարկի ցուցակներում, և պետական միջոցների հաշվին դուրս է գրվել ընդհանուր առմամբ 25.231.000 ՀՀ դրամի չափով աշխատավարձ, որը տնօրինել է նշված պաշտոնատար անձը: Արդյունքում վերջինս յուրացման եղանակով հափշտակել է վերոնշյալ՝ առանձնապես խոշոր չափերով գումարը:Բացի դրանից, նույն ժամանակահատվածում նշված ՊՈԱԿ-ում աշխատակիցների կողմից աշխատանքի հաճախելիության մատյանում աշխատակցի անվան դիմաց 2015-2018 թթ. դրվել են ստորագրություններ վերջինիս՝ ՀՀ-ից բացակայելու պայմաններում:Միևնույն ժամանակ, 2018-2020 թթ. փետրվարն ընկած ժամանակահատվածում ՊՈԱԿ-ի շուրջօրյա վճարովի խնամքի մի շարք շահառուներ ընդունվել և պահվել են կենտրոնում առանց համապատասխան ձևակերպումների, որոնց շուրջօրյա վճարովի խնամքի պայմանագրով նախատեսված օրական գումարը յուրաքանչյուր ամսվա վերջում առձեռն ստացվել է շահառուների հարազատներից և չի մուտքագրվել կազմակերպության դրամարկղ: Արդյունքում յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար:




Comments