Ո՞վքեր են քաղաքական ակտիվիստները. Մանվել Մկրտչյան

Եկեք մի կողմ թողենք կառավարության շենքի, դատարանների մուտքերի մոտ պայքարող կողմերի իրավա-քաղաքական պատկերացումները և ձգտումները, պրոցեսների ճիշտ կամ սխալ լինելու հանգամանքը, այս ամենի շուրջ ստեղծված շահերը: Դրանց մասին օր ու գիշեր խոսում են քաղաքական վերլուծաբանները:
Մենք միայն փորձենք հնարավորինս մոտիկից տեսնել, թե ո՞վքեր են այս մարդիկ և ի՞նչն է նրանց դրդում ծախսել թանկ ժամանակը, առողջությունը և կանգնել դատարանների կամ կառավարության շենքի առջև: Մենք տեսնում ենք, որ մարդը հրապարակներից, ասես, չի ուզում տուն գնալ, գուցե այստեղ նա իրեն ավելի լա՞վ է զգում, գուցե՞ ուրիշ բան կա: Ինքնին հասկանալի է, որ նրանք լավ կյանքից չէ որ հավաքվել են այդտեղ: Տագնապներ ունեն, բայց լսող չունեն: Իրար դեմ ելած ակտիվիստ խմբերի պայքարը ինձ ակամայից հիշեցնում է այս պատմությունը. «Ասում են՝ մի հարուստ մարդ շքեղ տուն էր կառուցել և չգիտես ինչու որոշել է առաջին հարկի մեծ նախասրահը ամբողջովին հայելիապատել: Եվ ահա, պատահում է այնպես, որ առանձնատան պահակը գիշերը իր շանը մոռանում է տան ներսում, փակում դռները և գնում: Շուտով շունը տեսնում է, թե ինչպես աջից շների մի մեծ ոհմակ հարձակվում է իր վրա: Շունը սկսում է կռվել նրանց դեմ, հետո տեսնում է, թե ինչպես ձախից ևս մի մեծ ոհմակ վրա տալիս: Այսպես, ողջ գիշեր շունը մահու կենաց կռիվ է տալիս բոլոր կողմերից իրեն հոշոտել ցանկացող «թշնամի» շների դեմ: Առավոտյան, երբ պահակը բացում է դուռը տեսնում է արնաթաթախ, փշրված հայլիները ու բզկտված ու սատկած շանը»:
Փորձենք հասկանալ այս իրողությունները փոքր ինչ այլ տեսանկյունից ևս: Ամենաֆոնդումենտալ բաներից մեկը մարդու համար, դա որևէ նշանակալից բան անելու ձգտումն է: Նա ուզում է մաս կազմել մի կարևոր պրոցեսի, լինել դերակատար, ասենք, փրկել հայկական բնությունը և կանխել Ամուլսարի շահագործումը, «հին ռեժիմի» վերադարձը և այլն: Նման բաներ անելով մարդն, ասես, ուզում է լինել ճանաչված, մի մեծ գաղափարի կրող: Բայց հարց տանք՝ ի՞նչու պիտի լինել կարևոր, ընդունված և ճանաչված: Թվում է, մարդը բացարձակ չպետք է մտահոգվի շրջապատի և հասարակության կողմից ընդունված և ճանաչելի լինելու խնդրով: Դա նման է մուրցականության` ընդունեք ինձ, ճանաչեք ինձ… ես ակտիվ ու մտահոգ մարդ եմ, դուրս եմ ելել պայքարի՝ մեծ գաղափարների հաղթանակի համար: Ասվածը շատ ավելի ընդգծված երևում է Ֆեյսբուքյան տիրույթում, որտեղ հեշտ է թաքցնել ներքին մղումները և կերպարը: Լիարժեք մարդը պետք է, որ զբաղված լիներ իր սիրած գործով և թքած ունենար այլոց կարծիքների վրա: Ի վերջո, սիրած գործով զբաղվելը ներքին զգացմունքների հետ կապված բան է, ի՜նչ իմաստ ունի դա հարմարեցնել և համաձայնեցնել ուրիշների կամքին և նախասիրություններին: Երբ մարդը տենչում է լինել կարևոր, ընդուված և ճանաչված, նա դրանով մատնում է, որ ինքը խորը կասակծներ ունի իր ընտրած ուղու հարցում և միայն իբրև թե նշանակալից բաներ անելով, մաս կազմելով իր կարծիքով` ինչ որ մեծ բանի, վստահ կլինի, որ ճիշտ ուղությամբ է շարժվում: Սա գուցե ինչ որ բան, կամ՝ ինչ որ մեկին մերժելու գնով ինքնահարգանք ձեռք բերելու ձև՞ է, գուցե մեկ ա՞յլ բան: Ու ինչ հիշում եմ՝ անկախության երեսուն տարիներին, հրապարակներում կա ակտիվիստ մարդկանց մի հոծ բազմություն, որը զբաղված է երկիրը «կործանման տանող ռեժիմների» և անարդարությունների դեմ պայքարելով: Մի օր, քաղաքական ակտիվիստներից մեկին կատակով հարցրի. «Իսկ դու ինքդ քեզնից գլուխ հանե՞լ ես, ինքդ քեզ կարգի բերե՞լ ես, որ հիմա էլ ուզում ես ազգին և պետությունը կարգի բերել…»: Նա բռնկվեց, նյարդայնացավ, ասելով՝ դա ի՞նչ կարևոր է: Հաասկացա, որ ցավոտ կետի եմ դիպել, դա տհաճ էր նրա համար, հարցը խիստ անձնական պատասխանատվություն է ենթադրում, ինչից որ ինքը ակնհայտորեն խուսափում է՝ թաքնվելով իբրև թե հանրային իդեալների թիկունքում: Երբ մարդը այսպես է դիրքավորվում կյանքում, նրան օգտագործողների և նրա թուլությունը շահագործողների պակաս չի լինի: Ակտիվիստը, բնականաբար, կասի, որ ինքն արդարության առաջամարտիկ է, բայց ասվածին վերաբերենք վերապահումներով, դա ընդամենը նման է թաքստոցի: Նրան ավելի շատ պայքարի թիրախ է պետք, իսկ դա իշխանական կամ ընդդիմադիր դաշտերում գտնելը բնավ էլ դժվար չէ: Նրան դուր է գալիս պայքարն ԻՆՔՆԻՆ, շատ էլ կարևոր չի ում դեմ և ինչու: Ի վերջո, գաղափարները, իդեալները, համոզմունքները, կարծիքները դրսից, հասարակությունից, գրքերից, լրատվությունից մեր մեջ ներդրված, ներարկաված բաներ են, մերը ԿԻՐՔՆ է, մեր սեփական էներգիան, որը կարող է արտահայտվել մերթ դրական, մերթ բացասական նշանով: Հենց սրանով է բացատրվում այն, որ ասենք, շատերը երեկ Նիկոլ Փաշինյանին փառաբանում էին, իսկ այսօր թշնամաբար են տրամադրված նրան: Այսինքն՝ արտաքին աշխարհում էական բան առանձնապես չի փոխվել, փոխվել է էներգիայի շարժման ուղղությունը: Առհասարակ, մերժելու և քննադատելու կիրքը հազարապատիկ ուժեղ էներգիա է, քան կյանքը ընդունելու կարողությունը: Մենք տեսանք, թե ինչպես անվրեպ աշխատեց «Մերժիր Սերժին» կարգախոսը և մարդկանց մղեց գործողությունների: Կյանքն ընդունել այնպիսին, ինչպիսին կա, արդեն հոգևոր հասունության նշան է, մեկ այլ մակարդակ, իմաստություն: Մարդկանց մեծ մասը պրոֆեսոնալ քննադատներ են և այնքան էլ կարևոր չէ՝ նրանք լա՞վ են ապրում սոցիալական առումով, թե՞ ոչ: Նրանք կանգնում են ճամփեզրին և անվերջ քարեր նետում, միմյանց ու քայլող քարավանների վրա՝ մի դեպքում իշխանությունների, մյուս դեպքում՝ ընդդիմադիրների: Ներկայումս թշնամանքը հասել է այնպիսի կետի, որ թվում է առանց լուրջ ցնցումների դժվար հանգուցալուծվի: Այս պատմությունը, որը տեղի է ունեցել Չինաստանում, դաոսների վանական համալիրներից մեկում, ուսանելի շատ բան ունի մեզ համար: Մենաստանը ուներ երկու թև՝ ձախ և աջ, իսկ կենտրոնում տեղակայված էր Վարպետի կացարանը: Այս ուսուցիչը մի շատ սիրուն կատու ուներ, աշակերտներ շատ սիրում էին կատվին և մենաստանի երկու թևերի միջև մշտապես կատվի պատճառով թունդ վեճեր էին տեղի ունենում: Վարպետը փորձում էր հարթել դրանք, բայց անօգուտ: Վեճերը օրեցօր դառնում էին կատաղի և անզիջում: Եվ ահա, ուսուցիչը ստիպված կանչեց բոլոր սաներին և խնդրեց բերել նաև կատվին:
-Դուք բոլորդ սիրում եք այս կատվին, բայց նա մեկն է,- նա կատվին սրով կիսեց մեջտեղից և ասաց.
- Հիմա երկուսդ էլ կատու ունեք:
Աշակերտները սարսափից քարացել էին, որովհետև Ուսուցիչը շատ գթասիրտ մարդ էր, հետևաբար նման արարքը նրանց ցնցեց: Նրանք ոչ մի կերպ չէին կարողանում հասկանալ արարքի իմաստը: Այս պատմությունը հասավ երկրի թագավորին և նա ևս խիստ հետաքրքրված այցելեց Վարպետին, մանավանդ, որ նա ևս այդ վանական համալիրի սանն էր եղել և անչափ հարգում էր ուսուցչին:
-Լսել եմ սպանել եք ձեր կատվին, ուսուցիչ, - հարցրեց արքան նրան:
-Ես կատվին չեմ սպանել, ես սպանել եմ վեճը, սպանել եմ տարաձայնությունը, որը հատել էր բոլոր բանական սահմանները և հայտնի չէ, թե մինչև ու՜ր կհասներ: Այս հիմարները չէին հաշտվի, եթե ես վճռական քայլի չդիմեի: Ես կատվին սպանել եմ ոչ ատելությունից ու կատաղությունից դրդված: Ես սիրում էի իմ կատվին և նա ինձ օգնեց լուծել այս պրոբլեմը: Իմ արարքը դարձավ ուժեղ ցնցում այդ հիմարների համար, հիմա նրանք արդեն զգաստացան և վախենում են, որ ես կարող եմ նաև վտանգավոր լինել, կարող եմ սպանել,- ասաց ուսուցիչը:
Թագավորի հետքրքրությունը լիովին բավարարվեց և նա ասաց.
-Ուսուցիչ, դա միշտ եղել է ձեր ուսմունքի մեջ, կարևորը արարքները չեն, այլ գիտակցությունը: Մենք տեսնում ենք միայն արարքները, մենք չենք տեսնում, թե որտեղից են դրանք բխում: Մնում է կրկին նույն հարցը տալ՝ ի՞նչն է մարդկանց հանում հրապարակ և մղում պայքարի:
-Սեփական էության խորքերում պայքար չկա, այստեղ խաղաղություն է: Այստեղ մարդը հաշտ է իր և աշխարհի հետ: Սա շատ նման է օվկիանոսի՝ փոթորիկը, մակնթացությունը, քամիները միայն մակերեսին է, խորքերում չկա այդ ամենը, չկան ամբիցիաներ, չկա այլոց մերժելու տենդ, ասել է թե՝ քաղաքական կատաղի պայքար, ճիշտ կամ հորինովի իդեալներ ու պատրանքներ, հանուն որոնց պետք է հրապարակներում կոկորդ պատռել,- ասաց ուսուցիչը:
Հասկանալի է, որ ասված մտքերը և մեջբերված առակը վերքաղաքական, ու մի քիչ էլ միստիկայի ժանրից են, հետևաբար արագ չեն ընկալի: Բացի դա՝ ժամանակակից արևմտյան քաղաքական մոդելի կողմնորոշիչներով առաջնորդվող մարդու ապրելու և մտածելու միակ կերպը ակամայից դարձել է քաղաքական այս եղանակը, որը գերիշխող է նաև մեր իրականության մեջ: Մենք այնքան երկար ենք ապրել քաղաքական կարծրատիպերի և զանազան կեղծ շաբլոնների գերության մեջ, որ դժվար է միանգամից փոխել ընկալումը և վերաբերմունքը մեզ շրջապատող աշխարհի հանդեպ: Ու միշտ պետք է հիշել, որ գիտակից մարդուն անկարելի շահագործել, օգտագործել կամ վերածել գործիքի, նա ինքն է իր տերը, նա գիտի ինչ է անում, երբ և հանուն ինչի: Ու եթե պետք է անել մի կարևոր բան, ապա հենց այդ գիտակից մարդուն մեր մեջ արթնացնելն է: Մնացածը նա կանի:
Մանվել Մկրտչյան




Comments