Նրանք պետք է ամեն ինչ անեն, որ ՀՀ- ում ներքին բախումներ չլինեն. Արթուր Վանեցյան

«Կա ֆիքսված փաստ, որ երկրում ճգնաժամ է, և բոլորս մեր ուժերը, փորձը, հեղինակությունը պետք է գործադրենք՝ այս իրավիճակից անցնցում դուրս գալու համար»: Այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Անդրադառնալով նրան, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց ԳՇ պետին պաշտոնից ազատելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հրամանը և այն վերադարձրեց, Վանեցյանն ասաց, թե դա նշանակում է, որ նախագահն օգտագործեց իր սահմանադրական լիազորությունները և որպես Սահմանադրության պահպանող այն իրականացրեց, ինչը շատ ողջունելի է:
Հարցին, թե վաղը մարտի 1-ն է, Նիկոլ Փաշինյանը հանրահավաք և երթ է հրավիրել, արդյոք հնարավոր են բախումներ, Վանեցյանը ասաց, որ հնարավոր բախման թիվ մեկ պատասխանատուն իշխանություններն են և նրանք պետք է ամեն ինչ անեն, որ ՀՀ- ում ներքին բախումներ չլինեն:
«Իշխանությունները պետք է հասկանան, որ երկրում ստեղծված է ոչ նորմալ վիճակ, երկու կողմերը շատ հուզված են և նյարդայնացած, և պետք է ամեն ինչ անել, որ ողջ գործընթացում բռնությունը բացառեն, բռնությունն անթույլատրելի է»,-ասաց նա:




Comments