top of page

«Նոա» ակումբի անդամների կորոնավիրուսի թեստերի պատասխանները բացասական են եղել

Apr 22, 2020
1 min read

Հայաստան ֆուտբոլի առաջնության բարձրագույն խումբը ներկայացնող «Նոա» ակումբի անդամները մարզումները վերսկսելուց առաջ կորոնավիրուսի թեստ են հանձնել:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Նոա»- ի անձնակազմը անցել է COVID-19 թեստերը՝ կորոնավիրուսային վարակի առկայությունը ստուգելու նպատակով: Բոլոր ֆուտբոլիստների, մարզչական շտաբի և բուժանձնակազմի ներկայացուցիչների թեստերի պատասխանները եղել են բացասական: 

Ապրիլի 23-ից սկսած թիմը կվերսկսի մարզումները՝ պահպանելով անվտանգության բոլոր միջոցները և կանոնները:

Նախօրեին «Արարատի» ֆուտբոլիստները և աշխատակազմը ևս հանձնել էին ՀՖՖ-ի կողմից ստացած կորոնավիրուսի թեստերը, բոլորի պատասխանները նույնպես եղել են բացասական։

Ավելի վաղ  ՀՖՖ-ն հայտարարություն էր տարածել, որ ՀՀ պարետատան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբները կարող են վերսկսել մարզումները ապրիլի 23-ից:  ՀՖՖ-ին տրամադրվել են կորոնավիրուսի ախտորոշման թեստեր, որոնք մոտակա 3 օրերի ընթացքում կբաժանվեն Բարձրագույն և Առաջին խմբի առաջնության մասնակից ակումբներին: Մինչև մարզումների սկիզբը բոլոր ակումբները պարտավոր են թեստավորել իրենց ֆուտբոլիստներին, ինչպես նաև մարզչական, սպասարկող և բժշկական անձնակազմերի ներկայացուցիչներին։ Յուրաքանչյուր ակումբի կազմում մարզմանը միաժամանակ կարող է մասնակցել ոչ ավելի, քան 20 անձ՝ ներառյալ ֆուտբոլիստները, մարզչական, սպասարկող և բժշկական անձնակազմի ներկայացուցիչները:

 
 
 

Comments


bottom of page