top of page

Նշանակում է Հայաստանը չունի ԱԱԾ. Արթուր Ղազինյան

Nov 1, 2021
1 min read


ՀՀ ԱԺ պատգամավորների կողմից պետական գաղտնիքին մուտքի թույլտվության հարցը վերջին ժամանակներում իշխանության կողմից դարձել է շահարկման առարկա և ընդդիմության գործունեությանը խոչընդոտելու գործիք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Այս առումով հարկ եմ համարում արձանագրել, որ ՀՀ ԱԺ-ը ՄԻԱԿ պետական ինստիտուտն է, որ օժտված է առաջնային մանդատով, ներկայացնում է ՀՀ ողջ ժողովրդին և իրավունքի ուժով արդեն իսկ օժտված է պետական գաղտնիքին մուտքի թույլտվության իրավունքով: ՀՀ ԱԺ պատգամավորի կողմից պետական գաղտնիքին տիրապետելու իրավունքը պարտադիր պայման է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով իր գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար: ՀՀ ԱԱԾ-ը ՊԱՐՏԱՎՈՐ Է ՀՀ ԱԺ պատգամավորներին տրամադրել պետական գաղտնիքին ամբողջական հասանելիություն, եթե առկա չեն մերժման բավարար հիմքեր: Նման հիմքերի առկայության պարագայում ՀՀ ԱԱԾ-ը պետք է պատշաճ կարգով իրազեկի ՀՀ ԱԺ- նախագահին, սակայն դա պետք է լինի ընդհանուր կանոնից բացառություն: ՀՀ ԱԺ-ի պատգամավորը չպետք է դիմի ՀՀ ԱԱԾ-ին և ներկայացնի իր մասին տեղեկություններ, քանի որ այդ տեղեկություններն արդեն իսկ պետք է առկա լինեն ՀՀ ԱԱԾ-ում: Իսկ եթե այդ տեղեկություններն ԱԱԾ-ում առկա չեն և ԱԱԾ-ը սպասում է ԱԺ պատգամավորերի կողմից դրանց ներկայացմանը, նշանակում է Հայաստանի Հանրապետությունը ՉՈՒՆԻ Ազգային անվտանգության ծառայություն: Հ.Գ. Իրավիճակի աբսուրդը պատկերացնելու համար պատկերացրեք, որ ընտրված ՀՀ Նախագահը, կամ ՀՀ վարչապետը, ՊՆ նախարարը, ԱԳ նախարարն ու այլ պաշտոնյաները դիմում են ՀՀ ԱԱԾ-ին պետական գաղտնիքին մուտքի թույլտվության, իսկ վերջինս էլ 3 ամիս քննարկելուց հետո որոշում է՝ ընդունել թե՞ մերժել այդ դիմումները...»։

 
 
 

Comments


bottom of page