top of page

Նիդերլանդները հետաքրքրված է ճանապարհային ոլորտում ՀՀ-ին աջակցություն ցուցաբերելու հարցով. դեսպան

Apr 14, 2021
1 min read

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ապրիլի 13-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին։

Նախարարությունից հայտնում են, որ ողջունելով դեսպանին՝ տիկին Ղալեչյանը կարևորել է նրա այցելությունը նախարարություն։ Նա շնորհակալություն է հայտնել դեսպանին ճանապարհային ոլորտի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար։ Կողմերը քննարկել են ճանապարհային ոլորտին առնչվող մի շարք հարցեր։ Նախարարի տեղակալի կողմից ներկայացվել են ՀՀ ճանապարհային ցանցը‚ ոլորտում ՀՀ պետական բյուջեի‚ վարկային և դրամաշնորհային միջոցներով իրականացվող ծրագրերը։ Առանձնակի կարևորվել են ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրերը‚ ճանապարհների ընթացիկ պահպանման աշխատանքները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-Նիդերլանդների Թագավորություն համագործակցության շրջանակներում ճանապարհային ոլորտի մասնագետների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հնարավորությանը մի շարք բնագավառներում‚ այդ թվում՝ ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության կառավարման համակարգի զարգացման (նորմատիվ իրավական կարգավորումներ), ճանապարհային ակտիվների կառավարման, ճանապարհների պահպանման և շահագործման մեթոդների և պահանջների կիրառման և այլն։

Քրիստինե Ղալեչյանը կարևորել է նաև ճանապարհային ոլորտում նորարարական մեթոդների, տեխնիկական, ինժեներական լուծումների օգտագործումը‚ ճանապարհային ոլորտի մասով տարբեր երկրների փորձի ուսումնասիրությունը սեմինարների, ուսուցողական այցերի և այլ միջոցներով:

Դեսպան Նիկո Սխերմերսն իր հերթին ընդգծել է‚ որ իրենք հետաքրքրված են նշված հարցերի վերաբերյալ աջակցություն ցուցաբերելու առնչությամբ։ Ըստ դեսպանի՝ պետք է կարողանալ գնահատել այս ոլորտում Հայաստանի կարիքներն ու աշխատել դրանց լուծման ուղղությամբ։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հետագա հանդիպումների ընթացքում նշված հարցերն առանձին-առանձին քննարկելու և դրանց ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։

 
 
 

Comments


bottom of page