top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ներկայիս կառավարության գործելակերպի համաձայն` նախապես ասվում է մի բան, սակայն հետո արվում է հակառակը


ԿԳՄՍ նախարարությունը կամ կառավարող քաղաքական ուժը նախաձեռնեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի» լրամշակման գործընթացը, որի շուրջ քննարկումները մեկնարկել էին դեռ վաղուց և մասնագիտական, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչները մեկ տարի առաջ արդեն իսկ ասում էին, որ այդտեղ առանցքային կետն առնչվում է բուհերի կառավարման մոդելին, կառավարման խորհուրդների ձևավորման կարգին։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասել է կրթության հարցերի փորձագետ Ատոմ Մխիթարյանը` անդրադառնալով բուհերի կառավարման խորհուրդների մոդելին առնչվող հարցին և դրանով պայմանավորված քննարկումներին:


«Քանի որ մեզանում բուհերն ունեն բրգաձև կառուցվածք, որը ղեկավարում է գործադիր մարմինը` ի դեմս ռեկտորի, հետևաբար նրա լիազորություններն էլ շատ մեծ են։ Բայց քանի որ նա ընտրվում է մի կառույցի կողմից, որի անունը կառավարման խորհուրդ է և որտեղ մեծամասնությունը լիազոր մարմնի նշանակած մարդիկ են, ստացվում է, որ ողջ բուհն անցնում է տվյալ պահին երկրում քաղաքական մեծամասնություն ունեցող կամ կառավարություն ձևավորած ուժի ուղղակի ենթակայության տակ, քանի որ ռեկտորին ընտրող խորհրդի 9 հոգանոց կազմից 5-ին նշանակում է հենց լիազոր մարմինը` կառավարությունը կամ ԿԳՄՍ նախարարությունը»,– նշեց փորձագետը։


Մխիթարյանի կարծիքով` օրվա քաղաքական իշխանությունն առանցքային կետը դնելով նոր օրենքի հիմքում, ուզում էր կարճ ժամանակով իր ազդեցության լծակները բանեցնել ու իր ազդեցության ոլորտում պահել բոլոր բուհերին, որոնցում կուտակված է մտավորականության զգալի մասը, ինչպես նաև առաջադեմ երիտասարդությունը։

«Դեռևս 2018 թվականի փետրվարին, երբ քննարկվում էր օրենքի նախագիծը, ես, իմ համախոհները և ներկայիս քաղաքական իշխանության ներսում գործող շատ շատերը պայքարում էինք բուհերի քաղաքականացման դեմ և ԱԺ–ում կազմակերպված լսումների ժամանակ դեմ էինք արտահայտվում այդպիսի կետին` առաջարկելով խորհրդի կազմի 50/50 տարբերակը, որպեսզի լիազոր մարմնի քաղաքական ազդեցությունը չզգացվի։ Բայց իմ երբեմնի համախոհները, գալով իշխանության, ավելի խստացրին այդ դրույթը, ինչի դեմ պայքարում էին նախկինում»,– հավելեց փորձագետը։

Ըստ նրա` այդ հարցը դարձավ լուրջ քննարկումների առարկա, որովհետև ներկայիս կառավարության գործելակերպի համաձայն` նախապես ասվում է մի բան, սակայն հետո արվում ճիշտ հակառակը։


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page