top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ներկայացվել է ԱԲ-ով աշխատող ռոբոտ, որն արտահայտում է զգացմունքներ


Limibit ստարտափը Kickstarter հարթակում ներկայացրել է արհեստական բանականությամբ աշխատող իր Doly ռոբոտը, որպեսզի ֆինանսավորում ձեռք բերի դրա զանգվածային արտադրության համար։ Ռոբոտը կարողանում է զգացմունքներ արտահայտել, հարմարվել օգտատերերի վարքագծին, ինչպես նաև ունի այլ հնարավորություններ:

Doly-ն արհեստական ​բանականությամբ աշխատող այլ ռոբոտներից տարբերվում է մարդկային փոխազդեցության հիման վրա զգալու, արձագանքելու և զարգանալու ունակությամբ: Ռոբոտը կարող է արձագանքել հպմանը, խաղալ օգտատիրոջ հետ, կատարել ձայնային հրամաններ, ինչպես նաև փոխել աչքերի գույնը և աչքերին գործարկել տարբեր անիմացիաներ։ Doly-ի բնավորությունը և զգացմունքները ձևավորվում են՝ ելնելով նրա նկատմամբ օգտատիրոջ վերաբերմունքից։

Ըստ արտադրողների՝ Doly-ն ոչ միայն զվարճացնում և օգնում է առօրյա գործունեությանը, այլ նաև օգնում է զարգացնել STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) հմտությունները։ Ռոբոտը հարմար է ծրագրավորման ցանկացած մակարդակի գիտելիքներ ունեցող օգտատերերի համար, քանի որ ունի Blocky հարթակին, C++ և Python լեզուների աջակցություն։ Բացի դրանից՝ մշակողները խոստանում են անընդհատ թարմացնել Dolly-ի ծրագրակազմը և նախատեսում են դրան ինտեգրել նաև ChatGPT լեզվական մոդելը։


Doly-ն համալրված է 8 մեգապիքսելանոց տեսախցիկով՝ դեմքի ճանաչման համար և ստերեո բարձրախոսներով՝ հաղորդակցության համար։ Ռոբոտի խոսքի ճանաչման համակարգը հիմնված է բնական լեզվի վրա և թույլ է տալիս նրան կատարել տարբեր առաջադրանքներ, օրինակ՝ ժամանակաչափ սահմանել կամ եղանակի կանխատեսում տրամադրել: Համակարգն աշխատում է ինքնավար՝ առանց սերվերներին տվյալներ ուղարկելու, ինչն ապահովում է օգտատերերի գաղտնիությունը։

Doly-ն այժմ հնարավոր է նախապես պատվիրել Kickstarter-ում, գինը՝ $299-ից սկսած։ Limibit ստարտափը խոստանում է ռոբոտը հաճախորդներին հանձնել օգոստոսին։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page