top of page

Նախատեսվում են կանխարգելիչ միջոցառումներ ակտիվացած սողանքային և քարաթափման երևույթների դեմ

May 10, 2019
1 min read

Տավուշի մարզի Լճկաձոր համայնքի տարածքում, Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 86-րդ կմ և Լոռու մարզի Մարց-Աթան ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածներում ակտիվացած

սողանքային և քարաթափման երևույթների ուսումնասիրման և կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ հիմնավոր առաջարկություններ ներկայացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից Արտակարգ իրավիճակների

նախարարությանը կհատկացվի 9,528.0 հազ. դրամ:

Մասնավորապես՝ Լճկաձոր բնակավայրի տարածքում ակտիվացել են սողանքային երևույթները և սպառնում են Մ-6 միջպետական ավտոճանապարհի երթևեկությանը: Ժայռային բլոկները ցանկացած պահի կարող են ցած գլորվել:

Մասնագիտացված կազմակերպության ինժեներա-երկրաբանական, երկրաֆիզիկական և հիդրոերկրաբանական հետազոտությունների և դիտարկումների արդյունքում կներկայացվեն կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ

տեխնիկատնտեսապես հիմնավորված առաջարկություններ: Ներկայացված առաջարկությունների հիման վրա կիրականացվեն արդյունավետ հակասողանքային միջոցառումներ, ինչի արդյունքում կվերացվի սողանքային և քարաթափման երևույթներից նշված հատվածներին սպառնացող վտանգը:

Կառավարության ղեկավարը, անդրադառնալով որոշմանը, հետաքրքրվել է, թե ինչու մինչև հիմա ուսումնասիրություններ չեն արվել այդ տարածքում, առավելևս, երբ Մ-6 միջպետական ճանապարհին այս պահին էլ կապիտալ աշխատանքներ են կատարվում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ անտրամաբանական է ճանապարհը կապիտալ նորոգելու համար մեծ գումարներ ծախել և հետո պարզել, որ մոտակա ժայռը գտնվում է սողանքային գոտում:

Շեշտելով, որ նախագծման ընթացքում պետք է միջավայրն ուսումնասիրվեր՝ վարչապետը նշել է, որ եթե նախագծային աշխատանքները պատշաճ մակարդակով չեն արվել, միգուցե հետաքննության կարիք լինի:

 
 
 

Comments


bottom of page