top of page

Մոսկվան ու Կիևը բանակցությունների նոր փուլի մասին են պայմանավորվել

Feb 28, 2022
1 min read

Գոմելում Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները մոտ հինգ ժամ են տեւել, կողմերն անցել են ամբողջ օրակարգով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ով գլխավորում է ռուսական պատվիրակությունը։

Նրա խոսքով, կողմերին հաջողվել է գտնել այն կետերը, որոնցով հնարավոր է ընդհանուր դիրքորոշումներ կանխատեսել։ Նա հայտնել է, որ Մոսկվան եւ Կիեւը պայմանավորվել են շարունակել բանակցությունները, եւ հաջորդ հանդիպումն առաջիկա օրերին կկայանա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Պատվիրակության անդամ, Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին նշել է, որ Ուկրաինայի հետ բանակցություններում գտվել են կետեր, որոնցով հնարավոր է առաջընթացը։ Նրա խոսքով՝ ուկրաինական պատվիրակությունը պատրաստ է եղել լսել եւ մասնակցել արդիական հարցերի առավել մանրամասն եւ հանգամանալից քննարկմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հաստատել է, որ կողմերը պայմանավորվել են բանակցությունների հաջորդ փուլի մասին։ Նրա խոսքով, «կողմերը առանձնացրել են մի շարք առաջնահերթ թեմաներ, որոնց վերաբերյալ որոշակի լուծումներ են նախանշվել»։

Բանակցությունների մասնակիցները վերադառնում են իրենց երկրների մայրաքաղաքներ՝ արդյունքները քննարկելու համար, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։

 
 
 

Comments


bottom of page