top of page

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի ղեկավարած պատվիրակությանը

Nov 2, 2021
1 min read

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի ղեկավարած պատվիրակությանը, որում ընդգրկված էին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան կողմի համանախագահ Էնդրյու Շոֆերը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ադմինիստրատորի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին և այլ պաշտոնյաներ: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լինն Թրեյսին: Այս մասին հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ցուցաբերված աջակցությունը և ներկայացրել հետպատերազմյան շրջանում երկրի առջև ծառացած հիմնական խնդիրները: Այս համատեքստում փոխվարչապետն ընդգծել է, որ չնայած առկա մարտահրավերներին Հայաստանին հաջողվել է պահպանել մակրոտնտեսական կայունությունը: Զրուցակիցները երկուստեք շեշտել են կոռուպցիայի դեմ պայքարի և ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացման կարևորությունը: Բարձր է գնահատվել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը: Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին՝ փոխվարչապետն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարությունը և կարևորել դրա շրջանակներում բանակցային գործընթացի ակտիվացումը: Մհեր Գրիգորյանն առանցքային է համարել հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակումը և վերադարձը հայրենիք: ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը ԱՄՆ պատրաստակամություն է հայտնել աջակցելու տարածաշրջանում հումանիտար խնդիրների շուտափույթ կարգավորմանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային նշանակության ու երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցերի։

 
 
 

Comments


bottom of page