top of page

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին

Sep 4, 2020
1 min read

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:


Նիստի ընթացքում քննարկվել է մինչև 2025թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների վերաբերյալ նախագիծը, ինչպես նաև դրա շրջանակներում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից ներկայացված առաջարկները:


Օրակարգում ընդգրկված էր նաև Եվրասիական տնտեսական միության տարածքում փոխադարձ առևտրի ապրանքաշրջանառության ֆիսկալ մշտադիտարկման համակարգի ձևավորման հարցը: Հայկական կողմը հայտնել է իր պատրաստակամությունը մասնակցելու նշված համակարգի պիլոտային ծրագրում և ներդրում ունենալու դրա զարգացման գործում:


Քննարկվել և խորհրդի որոշման արդյունքում դյուրինացվել է ԵԱՏՄ անդամ պետություններում իրականացվող պետական գնումների գործընթացները, ինչի արդյունքում ԵԱՏՄ մեկ անդամ պետության արտադրող կարող է մասնակցել ԵԱՏՄ անդամ այլ պետությունում իրականացվող արդյունաբերական ապրանքներին առնչվող պետական գնումներին:


Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել և համաձայնեցվել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում վարկային պատմությունների մեջ ներառված տվյալների փոխանակման կարգի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը, որը հնարավորություն է տալիս անդամ պետությունների ռեզիդենտներին հարցում կատարել ու ստանալ իրենց վարկային պատմությունները՝ այլ անդամ պետությունում վարկ վերցնելու նպատակով:

 
 
 

Comments


bottom of page