top of page

Միրզոյանն ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը

Apr 29, 2021
1 min read

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպեց Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում են Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Գի Տեսիեն, Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն, Ազգային ժողովի պատգամավորներ Գզավիե Բրըտոնը, Ժակլին Դյուբուան եւ Ֆրանսուա Պուպոնին: Արարատ Միրզոյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ պատիվ է Ազգային ժողովում հյուրընկալել հայ ժողովրդի վաղեմի իրական բարեկամներին: Խորհրդարանի խոսնակն ընդգծեց, որ կարեւոր էր ֆրանսիացի գործընկերների այցը ինչպես Հայաստան, այնպես էլ Արցախ: Կողմերը քննարկեցին թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակն Արցախում, հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց վերադարձի, Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունների վերսկսման եւ դրանում Ֆրանսիայի կարեւոր դերի վերաբերյալ հարցեր: Ֆրանսիացի խորհրդարանականներն ԱԺ նախագահին ներկայացրին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող եւ Արցախի վերաբերյալ նոր օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու իրենց մտադրությունը: Արարատ Միրզոյանը եւ ֆրանսիացի գործընկերները պայմանավորվածություն ձեռք բերեցին համատեղ ջանքեր գործադրել Արցախի անվտանգության եւ արցախահայերի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու ուղղությամբ` փորձելով առավել հանրայնացնել խնդիրը եվրոպական տարբեր երկրներում:

 
 
 

Comments


bottom of page