top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Միլիոնավոր աֆղանստանցիներ ձմռանը սովի կմատնվեն. ՄԱԿ


ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) նախազգուշացրել է, որ միլիոնավոր աֆղանստանցիներ այս ձմռանը սովի կմատնվեն, եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն, հաղորդել է BBC-ն:

ՊՀԾ-ի տվյալներով՝ բնակչության կեսից ավելին՝ մոտ 22.8 միլիոն մարդ, բախվում է պարենային անվտանգության բացակայության սուր խնդրի հետ, եւ մինչեւ հինգ տարեկան 3.2 միլիոն երեխա տառապում է խիստ թերսնումից: «Աֆղանստանն այժմ աշխարհի ամենածանր հումանիտար ճգնաժամերից մեկն է, եթե ոչ ամենավատը», - ասել է ՊՀԾ-ի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիզլին:

Երկիրը համարվում է օգնությունից կախված, եթե նրա համախառն ներքին արդյունքի 0-10 տոկոսը կամ ավելին ստացվում է արտաքին օգնությունից: Համաշխարհային բանկի տվյալներով՝ Աֆղանստանի դեպքում ՀՆԱ-ի մոտ 40 տոկոսը կազմել է միջազգային օգնությունը։

Շատ աֆղանստանցիներ այժմ վաճառում են իրենց ունեցվածքը՝ սնունդ գնելու համար: Արգելվել է Թալիբանի նոր վարչակազմի հասանելիությունը օտարերկրյա ակտիվներին, ինչը նշանակում է, որ պետական ​​ծառայողները եւ այլ աշխատողներ չեն վարձատրվում:

«Արդեն ավելի քան հինգ ամիս է, ինչ աշխատավարձ չեմ ստացել», - BBC-ին ասել է Հերաթից մի ուսուցիչ: «Կյանքը դժվար է: Ես վաճառում եմ այն ​​ամենը, ինչ ունեմ տանը։ Մենք վաճառում ենք մեր անասուններին, կտրում ենք մեր ծառերը՝ վառելափայտ վաճառելու համար»:

«Մարդիկ այստեղ աղքատ են»,- ասել է Քանդահարի բնակիչներից մեկը։ «Երեկ տեսա մի կնոջ, որը տեղի հյուրանոցներից մեկի աղբամաններում սնունդի մնացորդներ էր հավաքում: Հարցրի նրան, թե ինչու է դա անում, եւ նա պատասխանեց, որ այլ լուծում չունի, փորձում է երեխայի համար սնունդ գտնել»:

ՊՀԾ-ն զգուշացրել է, որ մոտալուտ ձմեռը սպառնում է էլ ավելի մեկուսացնել աֆղանստանցիներ, ովքեր կախված են մարդասիրական օգնությունից: Աֆղանստանում առաջին անգամ քաղաքային բնակչությունը տառապում է պարենային անապահովությունից այնպես, ինչպես գյուղական համայնքները, նշել է կազմակերպությունը:

Հոկտեմբերին կազմակերպությունը նախազգուշացրել է, որ անհապաղ բուժման բացակայության դեպքում մեկ միլիոն երեխա կարող է մահանալ սուր թերսնումից:

Սեպտեմբերին Ժնեւում կայացած խորհրդաժողովում միջազգային հանրությունը խոստացել է ավելի քան 1 միլիարդ դոլար աջակցություն տրամադրել աֆղանստանցիներին:

Աֆղանստանի պարենային ճգնաժամը սրվում է նաեւ ջրի պակասի եւ սաստիկ երաշտի պատճառով:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page