top of page

Մենք հետ ենք վերադարձնելու մեր հաղթանակները. Վահե Հակոբյան

May 9, 2022
1 min read

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի հիմնադրման օրվա առիթով «Սիրելի հայրենակիցներ, Մայիսի 9-ը եռատոն է հայ ժողովրդի համար: Այսօր նշում ենք Հայրենական Մեծ Պատերազմում մեր պապերի հաղթանակի, Շուշիի ազատագրման ու Արցախի Պաշտպանության Բանակի ձևավորման օրը: Մայիսի 9-ը միշտ եղել է հայ ժողովրդի տարբեր սերունդներին հաղթանակի գաղափարի շուրջ միավորող մեծ տոն: Այսօր, փաստացի, մեզանից փորձում են խլել այդ տոնը: Կասկածի տակ են դնում Հայրենական պատերազմում մեր նախնիների սխրանքը, այլասերում են ու փորձում ջնջել մեր պատմական հիշողությունը: Դավաճանելով Արցախյան առաջին պատերազմում հայ ժողովրդի սխրանքը՝ հանձնեցին Շուշին ու փորձում են մեզ համոզել, որ պատմության այդ էջը փակված է: Հարցականի տակ են դնում Արցախի՝ բանակ ունենալու իրավունքը: Սա հանցագործություն է հայ ժողովրդի, հայի ինքնության, անցյալի, ներկայի ու ապագայի նկատմամբ: Այս հանցագործությունը դադարեցնելու, անդունդը գլորվելու ընթացքը կանգնեցնելու համար ենք այսօր մենք դուրս եկել պայքարի՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն անցյալի ու ապագայի հաղթանակների: Մեզ փորձում են համոզել, որ մենք պարտվել ենք ու պետք է համակերպվենք այդ պարտության հետ: Մեզ փորձում են զրկել մեր հաղթանակներից: Մենք դա թույլ չենք տալու: Հայ ժողովուրդը պայքարող ու հաղթող ժողովուրդ է: Մենք հետ ենք վերադարձնելու մեր հաղթանակները, լինելու ենք մեր պապերի արժանի ժառանգները, մեր երեխաներին մեծացնելու ենք որպես հաղթող ժողովրդի զավակներ: Շնորհավոր մայիսի 9-ը, Շնորհավոր Հաղթանակի օրը, Շնորհավոր եռատոնը:

 
 
 

Comments


bottom of page