top of page

Մենք ավելի շատ զբաղվում ենք դիվանագիտությամբ, քան ճարտարապետությամբ. Արթուր Մեսչյան

May 16, 2019
1 min read

Updated: May 17, 2019


Այսօր քաղաքապետարանում տեղի ունեցավ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հրավիրած մամուլի ասուլիսը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա տվեց տեղեկություններ քաղաքապետարանում որոշ փոփոխությունների վերաբերյալ։ Նա հույս ունի, որ մետրոպոլիտենի նոր կայարանի նախագծային աշխատանքները ավարտին կհասցվեն մինչև հունվար ամիս, իսկ 2020թ.-ի սկզբից կսկսվեն կառուցապատման աշխատանքները։ «Կսկսենք կամուրջից, կամուրջի վրա կտեղավորվի կայարանը և հետագայում ամբողջ ենթակառուցվածքը, որը կապված է գծային քաղաքականության հետ՝ կապը կամրջից դեպի Բարեկամության մետրո կայարանը».-ասում է գլխավոր ճարտարապետը։ Մեսչյանի խոսքով՝ տարբեր ոլորտների մասնագետների ներգրավում է պետք ունենալ, որպեսզի վերջնականապես ճշտեն մետրոպոլիտենի քաղաքականությունը և բոլոր նրբությունները, որը կապված է այդ ծրագրի հետ։

Մյուս ծրագիրը Ճոպանուղու կառուցապատումն է։ Ըստ Մեսչյանի` ծրագրի իրականացման միջոցով կթեթևանա տրանսպորտային հոգսը։ «Կապը լինելու է 2-րդ Մասիվից դեպի հանրակացարանների տարածքը՝ նախկին Պոլիտեխնիկ ինստիտուտի։ Հետագայում զարգացում կլինի Հաղթանակի այգի։ Բայց սկզբնականը առաջին կետն է ».- ասում է Արթուր Մեսչյանը։ Նա անկեղծացավ ասելով, որ իրենք ավելի շատ զբաղվում են դիվանագիտությամբ քան ճարտարապետությամբ` նկատի ունենալով, որ քաղաքը փող չունի, անընդհատ ներդրողներ են փնտրում։ «Փաստորեն, ստեղծվել է մի վիճակ, որ քաղաքապետարանը հայթայթում է գումար, որ կարողանա իրագործել շատ կարևոր ծրագրեր: Իհարկե, իդեալական տարբերակ կլիներ, որ քաղաքը գումար ունենար, և մենք այդ բյուջեով կարողանայինք լուծել բնակելի շենքերի, մետրոյի, ճոպանուղու և այլ խնդիրներ: Բայց կա խնդիր, և այդ խնդիրները մենք փորձում ենք լուծել մեր ուժերով: Տրամաբանական է, թե ոչ՝ դուք ինքներդ որոշեք».- ասում է ճարտարապետը:

Մեսչյանն անդրադարձավ նաև Երևանի քաղաքապետի աշխատավարձի  բարձրացման շուրջ ծավալված աղմուկին: «Եթե քաղաքապետի աշխատավարձն արդեն բարձրացած տարբերակով մոտավորապես հավասար է շարքային ծրագրավորողի աշխատավարձին, տղերք, պրոբլեմն ի՞նչ է, ուզում եմ հասկանալ՝ ինչի՞ մասին եք խոսում».- ասում է Մեսչյանը։ Նա նախազգուշացրեց, որ եթե իր իրավասության տակ գտնվող բաժիններում աշխատավարձը չբարձրանա, նա աշխատողներին ժամը 6-ին տուն կուղարկի:

Գոհար Սարգսյան

 
 
 

Comments


bottom of page